ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում հնչեցված հայտարարությունները շոշափելի օգուտ չեն տա, որովհետև փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանն ունի այդքան վճառականություն (նաև իր կարծիքով), որ չի կատարի միջանցքը բացելու որևիցե հանձնարարություն, որևիցե կոչ։ Այս մասին 24News-ին ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանը։
Մի քանի ժամ առաջ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդը քննարկում էր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10։30-ից «բնապահպան» ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ մայրուղին (Լաչինի միջանցք) Շուշի – Քարին տակ հատվածում։ Ադրբեջանցիներն այդ օրվանից վրաններ են խփել ու գիշերում են տեղում՝ շարունակելով հավաքը։
Մայրուղու արգելափակման հետեւանքով արցախահայությունը հումանիտար լուրջ խնդիրների առջեւ է կանգնած։ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ Միացյալ Թագավորությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիայի ներկայացուցիչները, ԱԽ ոչ մշտական անդամներ՝ Մեքսիկան, Քենիան, Նորվեգիան, Հնդկաստանը և Իռլանդիան քննարկմանը հանդես եկան Լաչինի միջանցքի անխափանությունը վերականգնելու հստակ դիրքորոշմամբ։
ԱԽ մշտական մյուս անդամ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը շեշտեց Լաչինի միջանցքի բացման կարևորությունը՝ ընդգծելով եռակողմ հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը։ Ելույթ ունեցողների որոշ մասը նույնպես ընգծեց ՌԴ միջնորդությամբ կնքված եռակողմ հայտարարության դրույթների իրականացման շարունակական ապահովման խիստ անհրաժեշտությունը։
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս Գրիգոր Բալասանյանի խոսքերով, կոնկրետ միջոցներ են պետք Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու համար, ոչ թե միայն կոչեր։
«Հիմա եթե այդ երկրները հետամուտ լինեն իրենց կոչերին ու դրանք ամրագրեն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոեցներով, այդ դեպքում միայն ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը կսկսի մտածել ճանապարհն ապաշրջափակելու մասին», - ասաց Բալասանյանը։
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչն իր ելույթում նշեց, որ իրենց «բնապահպանները» Լաչինի միջանցքը չեն փակել, և քաղաքացիների, ապրանքների ու տրանսպորտային միջոցների անցումը ճանապարհով մնացել է անփոփոխ։
Անդրադառնալով այս ելույթին՝ Բալասանյանն ասաց, որ սպասելի էր այսպիսի ելույթը․ «Հայկական պատվիրակությունը նաև պետք է վիդեոհիմնավորումներ ներկայացներ, որ ճամապարհը փակ է, ներկայացներ սպանված աղավնիով «բնապահպանին», «Գորշ գայլեր» տարբերանշանը ցույց տվող «բնապահպաններին»։
Նկարահանված նյութերը ՄԱԿ-ի բոլոր ներկայացուցիչների սեղաններին պետք է լինեին, որ բոլորին ներկայացնեին ադրբեջանական սուտը։ Միայն հայտարարությունն անելը բավարար չէ Ադրբեջանի սուտը բացահայտելու, ջրի երես անելու և հակադարձ քայլեր կատարելու համար»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի հարցերով օգնական Միրոսլավ Յենչան հայտարարեց, որ «ՄԱԿ-ը ներկա չէ Լաչինի միջանցքում և ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու ներքո տարածքում, ուստի, չի կարող հաստատել կողմերի պնդումներն ու մեղադրանքները»։
Այս խնդրով Բալասանյանն ընդգծեց, որ այո´, ՄԱԿ-ն այնտեղ չէ, բայց ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից մեկն այնտեղ ունի խաղաղապահներ։ «Նաև բարեվարքության կանոններն են պահանջում, որ ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամի ասածը կասկածի տակ չդրվի և ընդունվի ի գիտություն։ Սա մեր կողմը պետք է պնդեր և հասցներ նրան, որ ՄԱԿ-ը բանաձև ընդուներ հենց այն մասին, որ առաջին՝ Ադրբեջանը ստում է, ճանապարհը փակ է, երթևեկությունը դադարեցված է։ Եվ 2-րդը՝ ինչպիսի՞ գործուն քայլեր են պետք է այդ ճանապարհն ապաշրջափակելու համար։ Ուղղակի հայտարարությունները ոչ միայն բավարար չեն, այլև ոչ մի օգուտ չի տալու ճանապարհի ապաշրջափակմանը», - եզրափակեց Բալասանյանը։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ