ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրի, տնօրեն Քրիստինա Ազնավուրի և մյուս գործընկերների հետ մասնակցել է հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգված Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի խոհանոցային մասնաշենքի բացման արարողությանը:
«Այն, ինչ կար խոհանոցային հատվածում մինչև հիմնանորոգումը, ծայրաստիճան մաշված և հնացած պայմաններն էին. բուժվողների համար հնարավոր չէր ապահովել պատշաճ որակի սնունդ: Բայց Կառավարության հանձնառությամբ և «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ` այն ամբողջությամբ հիմնանորոգվել է` բուն խոհանոցի տարածքից և սննդամթերքի պահեստից մինչև առանձին մուտքով բուֆետի տարածք, հագեցվել ժամանակակից սարքավորումներով, նոր օդափոխության համակարգով»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Մշակվել է նաև պացիենտների սնուցման ուղեցույց, ճաշացանկեր` սնունդն ավելի բազմազան և բալանսավորված դարձնելու համար, հաշվի է առնվել միջազգային առաջադեմ փորձը:
«Շատ ուրախ եմ տեսնել մեր հրաշալի համագործակցության արդյունքը: Յուրաքանչյուր մարդ կյանքի որոշակի փուլում կարող է հոգեկան առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունենալ: Որպեսզի երկարաժամկետ արդյունք ունենա այս աշխատանքը, մեր հիմնադրամը որոշել է միանալ Առողջապահության նախարարությանը և օգնել արդիականացնել Հոգեկան առողջության կենտրոնը»,- նշել է Նիկոլա Ազնավուրը:
--00—ԶՀ