ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Գերմանական «MAN» մակնիշի 87 նոր ավտոբուսներից չորսն արդեն Երևանում են: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ավտոբուսների տեղափոխումը կիրականացվի փուլ առ փուլ: Մինչև տարեվերջ Երևան կհասնի նաև «Zhong Tong» մակնիշի 30 ավտոբուս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Նոր ավտոբուսների ներկրմանը զուգահեռ ընթացքի մեջ է վարորդների հավաքագրման գործընթացը:
Արդեն իսկ գրանցվել է քննությոնները հանձնած 120 վարորդ: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր կիրակի վերջինների համար պրակտիկ երթևեկ է կազմակերպվում:
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող 15 մանկապարտեզներից 12-ում աշխատանքներն արդեն ավարտվել են: Այժմ բանակցություններ են տարվում Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ հիմնանորոգվող մանկապարտեզների թիվն ավելացնելու, ինչպես նաև ծրագրի երկրորդ փուլում պոլիկլինիկաներ ընդգրկելու ուղղությամբ:
Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով ընթացքի մեջ է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցումը: Բարեկարգման աշխատանքներ են տարվում նաև Բաբաջանյան փողոց - Արգավանդի խճուղի 1 կմ-ոց հատվածում:
Ամբողջությամբ պատրաստ են Ջրվեժում և Շիրակի փողոցում գտնվող տարածքում ավտոբուսների նոր հավաքակայանների կառուցման նախագծերը: Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ են տարվում նաև Իսակով-Արշակունյաց պողոտա նոր ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ:
Համայնքային մանկապարտեզները կհամալրվեն ինտելեկտուալ ուսուցողական գրքերով»։
--00—ՅՄ