ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Լաչինի միջանցքի բացման թեմայով բանակցությունները շարունակվում են, ադրբեջանցիները շարունակում են պնդել Արցախում իրենց չակերտավոր էկոլոգիական մոնիթորինգ անելու, այնուհետև հանքավայրերի մասով որոշումներ կայացնելու պահանջը։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։
Պատգամավորը նշեց, որ ադրբեջանական կողմն իր պահաջները փոխանցել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի միջոցով, ինչին ի պատասխան՝ արցախյան կողմն ասել է․ «Մենք մեր պաշտոնական տեսակետն ասել ենք։ Որևէ փաստաթղթում՝ ո՛չ նոյեմբերի 9-ի հայտարարությունում, ո՛չ որևէ էլ այլ իրավական ակտում չկա ամրագրված կետ, որ Ադրբեջանը կարող է որևէ կերպ միջամտել Արցախի Հանրապետությունում իրականացվող որևէ տնտեսական գործունեության»։
«Եթե կա էկոլոգիական խնդիր, օր․՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրով (UNEP) կարող է մոնիթորինգ իրականցվել։ Միջազգային մասնագետների միջոցով մոնիթորինգ կարող է իրականացվել ոչ միայն հանքավայրերի, այլև ամբողջ տարածաշրջանի էկոլոգիական խնդիրների հարցով»,- հավելեց Հարությունյանը։
Արցախցի պատգամավորը նշեց, որ «ՌԴ խաղաղապահների միջոցով ասել ենք, որ միջանցքը պետք է բացվի առանց նախապայմանների, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթով հենց Ադրբեջանն է ստանձնել պարտավորվածությունը, որպեսզի անխափան, առանց խոչընդոտների ապահովի միջանցքի գործունեությունը»։
«Ասել ենք, որ իրենց ներկայացրած էկոլոգիական խնդիրները պատրաստ ենք քննարկել և լուծումներ գտնել, նորից եմ կրկնում, իհարկե, միջազգային փորձագետների ներգրավմամբ», - եզրափակեց խմբակցության ղեկավարը։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ