ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ արժանապատիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցի է հրավիրել շրջափակման պատճառով մեկ ամսից ավել ընտանիքից կտրված և երկու օր առաջ տուն վերադարձած երեխաներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՍԵ Արցախի թեմից։
Տեր Մինասն իր հայրական օրհնությունն ու խորհուրդներն է փոխանցել երեխաներին: Թշնամական սադրիչ գործողությունների կենտրոնում հայտնված անչափահաս երեխաների հետ ունեցած հոգևոր զրույցի ընթացքում Տեր Հայրը գոտեպնդել է նրանց` ասելով, որ մեր հայրենիքը այժմ դժվարությունների մեջ է, և այդ դժվարություններից մեկը հենց այն էր, ինչի միջով քաջաբար անցան երեխաները: Տեր Հայրը բժշկության աղոթք է կարդացել այդ փորձության թողած հոգեպես ծանր հետևանքները թոթափելու համար:
Վերջում Տեր Հայրը հորդորել է երեխաներին քրիստոնեաբար` առանց վախենալու, անցնել ցանկացած դժվարություն և հաճախակի այցելել եկեղեցի:
--00—ՅՄ