ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տարածած հաղորդագրությունից, հայկական 18 ընկերություններ «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը: Ցուցադրված են ոչ միայն պատրաստի արտադրանքներ, այլ նաև նորարարական նախագծեր:
Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը շրջել է ցուցահանդեսի 12 թեմատիկ ցուցասրահներով, ծանոթացել ցամաքային, ծովային և հակաօդային պաշտպանության ոլորտների վերջին տեխնոլոգիաներին, մտքեր փոխանակել հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
«ԱՅԴԵՔՍ» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը համարվում է Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում ամենահեղինակային և ռազմավարական կարևորագույն միջոցառումներից մեկը, համախմբում է պաշտպանական արդյունաբերության առաջատար և հեղինակավոր ղեկավարներին, ինչպես նաև տարբեր նորարար տեխնոլոգիական ընկերություններին, տեխնոլոգիական ոլորտի հայտնի փորձագետներին:
Միջոցառումը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ, բաղկացած է համաժողովից և ցուցահանդեսից, որոնց նպատակն է ստեղծել հարթակ՝ քննարկելու ոլորտի վերջին զարգացումները, միտումները և նորարարական լուծումները, որոնք կուղեկցվեն ոլորտի լավագույն փորձի և ձեռքբերումների ցուցադրմամբ:
--00—ԱՊ