ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Վերջին օրերին Արցախում տարբեր շրջանակների կողմից շրջանառության մեջ են դրվել լուրեր այն մասին, որ Արցախի Հանրապետության նախագահը առաջիկայում պաշտոնից ազատելու է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին:
Միևնույն ժամանակ Սամվել Բաբայանը պարբերաբար հրապարակային հայտ է ներկայացնում պետական նախարարի պաշտոնի համար: Ոմանք մեկնաբանում են, որ այս ամենը պլամավորված էր ի սկզբանե․ Գուրգեն Ներսիսյանը պետական նախարար էր նշանակվել, որպեսզի նրան ազատեին գլխավոր դատախազի պաշտոնից, իսկ հիմա էլ իրականացվում է վերջին պաշտոնից նրան ազատելու ծրագիրը:
Այս հարցով «Հրապարակ»-ը դիմել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանին:
«Առանց անդրադառնալու շրջանառվող լուրերի ու տեսակետների մանրամասներին ու պատճառներին` ուզում եմ հիշեցնել, որ Արցախի Հանրապետության պետական նախարարի և կառավարության կազմի նշանակման լիազորությունը Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ վերապահված է բացառապես հանրապետության նախագահին։ Նախագահ Արայիկ Հարությունյանը պետական նախարարի կամ կառավարության կազմի փոփոխություն չի նախատեսում:
Կառավարությունն այս իրավիճակում խիստ ծանրաբեռնված աշխատանք է իրականացնում, որի մեծ մասը տեսանելի չէ և օբյեկտիվ պատճառներով չի հանրայնացվում»,- պատասխանելով լրատվամիջոցի հարցին, ասել է Ավանեսյանը։
--00—ՍՊ