ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Պահանջում ենք ՀՀ կառավարությունից դադարեցնել պատանդի կարգավիճակում ազգադավ բանակցությունները: Այս մասին հայտարարություն է տարածել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը:
Հայտարարությունում ասվում է. «ԱՄՆ-ում պետքարտուղարության միջնորդությամբ ավարտվել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբերջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անվամբ փաստաթղթի շուրջ, որը ՀՀ ներկայիս իշխանությունների տխրահռչակ խաղաղության համաձայնագրի նորահայտ տարբերակն է։
ՀՀ դիվանագիտության տկարության վկայությունն է, որ Արցախի կարգավիճակը և միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքը նենգափոխում են միջազգային երաշխիքներով անվտանգության ապահովման անգո մեխանիզմներով և իջեցվում ազգային փոքրամասնության իրավունքների պաշտպանության երկսայրի մակարդակի։
«ՄԻԱՍԻՆ» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն խստագույնս դատապարտում է ՀՀ-ի կողմից նշված օրակարգով բանակցություններ վարելը Ադրբեջանի հետ, քանի որ նախատեսվում է նողկալի կետերով փաստաթուղթ ստորագրել։ Միայն այն, որ հայկական կողմը քննարկում է «էթնիկ փոքրամասնությունների իրավունքների և անվտանգության» խնդիրները, նշանակում է, որ այդ ձևակերպմամբ ջնջվում են Արցախյան ազգային-ազատագրական հերոսամարտի արդյունքները։ Արարատ Միրզոյանը առաջին հերթին կոպտորեն խախտում է ՀՀ Անկախության հռչակագրի և 1992 թ․ Գերագույն խորհրդի հայտնի որոշման բոլոր հիմնադրույթները։ Արցախի Հանրապետության ձեւավորման իրավաքաղաքական, ռազմական ողջ գործընթացը, Մինսկի խմբի նախագահության ստեղծումը և բանակցային պատմությունը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հերոսական պայքարի ամենամեծ նվաճումն է, որի համար հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել։
Պահանջում ենք ՀՀ կառավարությունից դադարեցնել նման ազգադավ բանակցությունները ազեր-թուրքական օրակարգով, հակառակ դեպքում, որպես պետական դավաճան, քրեական պատասխանատվություն են կրելու ՀՀ օրենքի ողջ ուժով հայ ժողովրդի առջև։ Հայ-ադրբեջանական բանակցությունների առանցքում պետք է լինի Արցախահայության ինքորոշման իրավունքի ճանաչումը և Արցախի կարգավիճակը, զավթված տարածքների վերադարձը, ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով հակամարտության լուծման բացառումը։ Հայերը Արցախում երբեք ազգային փոքրամասնություն չեն եղել, Արցախը մեր հազարամյա բնօրրան է, որը քաղաքական ողորմելի սակարկությունների ենթակա չէ։ Սակարկողներին անփառունակ վախճան է սպասվում, նրանց ստորագրած թղթերն ու պայմանավորվածություններն առ ոչինչ են․ ազգային-պետական շահը բացարձակ գերակայություն է։
--00—ԶՀ