ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» Վայքում հյուրընկալվել է «Լեռնային Արցախի» կողմից և 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի նկատմամբ:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 2-րդ րոպեին բացել է «Ուրարտուի» ռուս հարձակվող Լեոն Սաբուան, իսկ առաջին կեսին ավելացված 5-րդ րոպեին Իվան Զոտկոն կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Նշենք ՝ առաջին խաղակեսում տանտերերը մնացել են 10 հոգով՝ դարպասապահ Արման Հարությունյանի հեռացման արդյունքում:
Երկրորդ խաղակեսում «Ուրարտուն» ևս երկու գնդակ է ուղարկել մրցկակցի դարպասն ու հաղթել խոշոր հաշվով: Արդեն 50-րդ րոպեին Սաբուան դուբլի հեղինակ է դարձել, իսկ 66-րդ րոպեին Դմիտրո Խլյոբասը ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը՝ խփելով իր թիմի 4-րդ գնդակը:
«Լեռնային Արցախի» համար սա 15-րդ անընդմեջ պարտությունն էր. առաջնությունում վերջին հաղթանակը թիմը տարել է նախորդ տարվա հոկտեմբերի 24-ին՝ նվազագույն հաշվով հաղթելով ԲԿՄԱ-ին:
Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» շարունակում է գլխավորել ՀՊԼ մրցաշարային աղյուսակը՝ 32 խաղից հետո վաստակած 76 միավորով: Երկրորդ տեղում ընթացող «Փյունիկին» թիմը գերազանցում է 3 միավորով:
--00—ԶՀ