ՆԳ նախարարն այցելել է Ոստիկանության զորքեր, տվել կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Մայիսի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է Ոստիկանության զորքեր։ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի ուղեկցությամբ նա շրջել է տարածքում, եղել Հավերժության պուրակում, որտեղ սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անվանական ծառերն են։



Նույն օրը Ոստիկանության զորքերում տեղի է ունեցել նաև աշխատանքային խորհրդակցություն։

Ներքին գործերի նախարարը ողջունելով ներկաներին՝ խոսել է ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մասին։ Անդրադառնալով հատկապես Ոստիկանական գվարդիայի կազմավորմանը՝ նա խոսել է ընթացքի, նպատակի և կարևորության մասին։



Վահե Ղազարյանը, ընդգծելով Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների բարձրացման հարցը, ներկայացրել է ձեռնարկվող քայլերի մասին։ Այդ ուղղությամբ նա հատկապես շեշտել է ատեստավորման գործընթացի կարևորությունը, ինչի շնորհիվ էապես կբարձրանան ծառայողների աշխատավարձերը։ Քննարկվել են նաև Ոստիկանության զորքերի ծառայողների բարոյահոգեբանական վիճակին, սպառազինությանն ու տեխնիկային վերաբերող հարցեր։



Ավարտին Ներքին գործերի նախարարը Ոստիկանության զորքերի հրամանատարությանը տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

--00—ԶՀ