ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ մեկնարկում է մայրաքաղաքի թվային փոխակերպման ծրագիրը: Այն առաջնահերթ ուղղված է քաղաքի կողմից բնակիչներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու հասանելիության ապահովմանը, տեղեկանում ենք Քաղաքապետարանի մամուլի հաղորդագրությունից։
Ռազմավարության մշակման վերաբերյալ հարցեր են քննարկել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչները: Ընդգծելով գործակցության համար առկա լայն դաշտը՝ փոխքաղաքապետը նշել է, որ Երևանի համար առանցքային է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ամբողջական թվայնացումը:
Մասնավորապես Տիգրան Ավինյանը մատնանշել է շինթույլտվությունների տրամադրման, ինչպես նաև քաղաքացիների հետ հետադարձ կապի, այդ թվում «Թեժ գիծ» ծառայության թվայնացման ու պարզեցման գործընթացի անհրաժեշտությունը:
--00—ՍՊ