Փորձում են ազատվել «40 ավազակներից». Անդրեասյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

կարեն

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Տիգրան Պետրոսյանը պահանջում է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանից՝ ինքնաբացարկ հայտնել՝ պայմանավորված իր նկատմամբ խտրական վերաբերմունքով։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ԲԴԽ ներկայացված միջնորդությամբ պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտի համար՝ ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019թ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։

Մինչ ԲԴԽ-ում կքննվեր հարցը՝ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը հունիսի 13-ին պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, նրա լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվել են։

Այժմ թիրախում՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանը և Տիգրան Պետրոսյանն են, որոնց պաշտոնից հեռացնելու գործին «լծվել» են դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելուց հետո։

Նշենք, որ դատավոր Արտակ Բարսեղյանն օրերս տեղափոխվել էր բժշկական կենտրոն, իսկ դատավոր Պետրոսյանը դիմում է  ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի տնտեսական շահերի, նրանց հարաբերությունների և այդ պայմաններում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման դեպքում շահերի բախման առնչությամբ, որտեղ, ըստ դիմումատուի, առկա են կոռուպցիոն ռիսկեր։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատավոր Արտակ Բարսեղյանի կողմից դիմում է ներկայացվել, որով խնդրել է հետաձգել նիստը, քանի որ առողջական խնդիրներով պայմանավորված չի կարող ներկայանալ նիստին։ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում մասամբ բավարարեց միջնորդությունը, սակայն մինչ նիստը կհետաձգվեր դատավոր Տիգրան Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց՝ Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։ Միջնորդության հիմքում դատավորը բարձրացրեց վարույթի հարուցման օրինականության հարցը՝ հիմքում, ի թիվս այլնի, դնելով Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի հարաբերությունները, մասնավորապես, նրանք ընկերներ են, ունեն տնտեսական շահ։ Դատավորը հիշեցրեց Կարեն Անդրեասյանի «40 դատավորների» վերաբերյալ հայտարարությունը, իր նկատմամբ հետապնդումը պայմանավորում է խտրական և կամայական մոտեցմամբ և, այսպես ասած, «40 ավազակներից» ազատվելու համատեքստում։ Բացի այդ, դատավորը, արձանագրելով, որ ավելի վաղ կայացված ՄԻԵԴ վճիռների հիման վրա վարույթներ չեն նախաձեռնվել, նկատեց, որ ՄԻԵԴ վճիռների հիման վրա վարույթ հարուցելու օրենքը կիրառվում է անցանկալի դատավորներից ազատվելու համար։ Ընդ որում, եղել են դատավորներ, որոնք առաջխաղացում են ունեցել։ Թե ինչու Անդրեասյանը բացասական վերաբերմունք ունի դատավորի նկատմամբ՝ դատավորը չի պարզաբանում՝ առաջարկելով Ամդրեասյանին փակագծեր բացել։ Ի դեպ, դատավոր Տիգրան Պետրոսյանի հայրը եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտեսի դեկան, որի պաշտոնավարման ժամանակ Անդրեասյանը հեռացվել էր համալսարանից, նրա վերաբերյալ բնութագիրը, մեղմ ասած, լավը չի եղել։ Թե ինչ այլ հանգամանքներ կան՝ պաշտոնապես չի բարձրաձայնվում։



Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ