Ինչու են դադարեցվել Երասխ վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները․ News.am

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

63.thumb_.jpg

Արարատի մարզի Երասխ վարչական շրջանի ընդամենը 9 ամսվա  ղեկավար Սարո Այվազյանի լիազորությունները դադարեցվել են, հայտնում է News.am-ը։

Լրատվամիջոցի հետ զրույցում Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը պնդել է՝ լիազորությունները դադարեցնելու պատճառը աշխատանքում թերություններն են, իսկ թե ինչ թերություններ, համայնքապետը չի նշել։

Երասխի համայնքապետարանում News.am-ի աղբյուրը  հայտնել է, որ լիազորությունները ժամանակից շուտ դադարեցնելու պատճառն այն է, որ Սարո Այվազյանը ինքնուրույն էր գործում, չէր ենթարկվում Արարատի համայնքապետի ամեն մի խոսքին:

«Սարո Այվազյանը անկուսակցական է, պատերազմների մասնակից, 44-օրյայում էլ վիրավորվել է, գյուղում նրան ընդունում եւ հարգում են: Պաշտոնանկությունը մի քանի նկատողությունների հիման վրա է եղել, իբր աշխատանքում թերություններ են եղել: Նրանց ձեռք չէր տալիս ինքնուրույն համայնքապետ, նրանց ամեն մի խոսքին չենթարկվող մարդ»: Իրենք ուզում են, որ ոնց ասեն, այնպես լինի, այսինքն իրենց հարկ հավաքող է պետք, ոչ թե համայնքապետ: Արարատի համայնքապետի համար պետք է լինել խոնարհ ծառա, որ բան չասեն, ինքը ոնց եղել է սրիկա, այդպես էլ մնացել է»,- նշել է աղբյուրը:

Այս պահին ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել համայնքապետարանի աշխատակիցներից մեկը, որը Արմաշ համայնքից է: Ըստ տեղեկությունների՝ Սարո Այվազյանը բողոքարկելու է այս որոշումը՝ ընդհուպ դատական կարգով:

«Հիշեցնենք, որ Ասլան Ավետիսյանի անունը կապված է Արարատում տարիներ առաջ ծառից կախված հայտնաբերված Գյանջիրով Հովհանյանի դեպքի հետ: Մահացածի հարազատները պնդում են, որ կատարվածը  սպանություն է, այլ ոչ թե ինքնասպանություն եւ դրա հետեւում կանգնած են Ասլան Ավետիսյանի որդիները:

Նշենք, որ տարիներ առաջ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այս դեպքով Ազգային ժողովում ելույթ էր ունենում՝ իշխանություններին մեղադրելով, թե ինչու չի բացահայտվում դեպքը, իսկ տարիներ անց՝ հեղափոխությունից հետո պաշտոնի է նշանակում Ասլան Ավետիսյանին»,- գրել է News.am-ը:

--00--ԶՀ