ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
Անհանգստացած ենք լուրերից, որ 68-ամյա բուժառուն, ով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժօգնության էր տեղափոխվում Հայաստան, առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ապօրինի տեղադրված անցակետում։ Այս մասին X-ում (նախկին Twitter) գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»,– նշել է նա:
Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նրան մեղադրում է հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ, որն իբր մասնակցել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործություններին։
--00—ԶՀ