Բլինքենը կոչ է անում պաշտպանել Գազայի և Իսրայելի խաղաղ բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Screenshot_22

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ Էր-Ռիադում հանդիպման ժամանակ կոչ է արել պաշտպանել խաղաղ բնակիչներին Գազայի հատվածում և Իսրայելում։ Հայտնում է Ամերիկայի Ձայնը։

Երկու ղեկավարներն էլ ընդգծել են խաղաղ բնակչությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու կարևորությունը, քանի որ Իսրայելը պատրաստվում է ցամաքային գործողության Գազայի հատվածում:

«Քանի որ Իսրայելն օգտագործում է իր ժողովրդին պաշտպանելու իր օրինական իրավունքը և փորձում է ապահովել, որ դա երբեք չկրկնվի, կենսականորեն կարևոր է, որ մենք բոլորս հոգ տանենք խաղաղ բնակիչների մասին: Մենք միասին աշխատում ենք դա իրականություն դարձնել»,- ասել է Բլինքենը:

Պետքարտուղարի մերձավորարևելյան ինտենսիվ դիվանագիտության նպատակն է կանխել Իսրայելի և «Համասի» միջև հակամարտության ընդլայնումը և խոշոր հումանիտար ճգնաժամը:

«Մեզնից ոչ ոք չի ցանկանում տեսնել, որ խաղաղ բնակիչները տառապում են Իսրայելում կամ Գազայում կամ որևէ այլ վայրում», - ասել է Բլինքենը:

Շաբաթ օրը ամերիկացի պաշտոնյան նշել էր, որ ԱՄՆ-ը չի խնդրել Իսրայելին դանդաղեցնել կամ դադարեցնել տարհանման ծրագիրը: Իսրայելի առաջնորդների հետ բանակցություններում Միացյալ Նահանգները շեշտել է խաղաղ բնակիչների անվտանգությունը հաշվի առնելու կարևորությունը, քանի որ իսրայելական ռազմական պահանջները տարհանման վերաբերյալ ուժեղացել են, ասել է նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ