ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Երևանի Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետության Ղոմ քաղաքի Այաթոլահ Մարաշի Նաջաֆի գրադարան։ Պատվիրակությանն ընդունել է կենտրոնի հիմնադրի որդի՝ տնօրեն Մահմուդ Մարաշի Նաջաֆին։ Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի տարածած հաղորդագրությունից։
Շրջայց է կազմակերպվել կենտրոնի ձեռագրապահոցներ, թվայնացման և վերականգնման բաժիններ։ Ընդգծվել է փոխադարձ համագործակցության կարևորությունն ու պատրաստակամությունը, ինչը և կմեկնարկի կենտրոնում պահվող հայերեն ձեռագրերի ուսումնասիրությամբ։
Այաթոլահ Մարաշի Նաջաֆիի անվան գրադարանն իսլամական ձեռագրերի խոշորագույն կենտրոնն է Իրանում և երրորդը՝ ամբողջ իսլամական աշխարհում։ Հավաքածուն ընդգրկում է շուրջ 85,000 ձեռագիր՝ տարբեր լեզուներով, որոնք բովանդակում են ինչպես կրոնական բնույթի, այնպես էլ գիտության տարբեր ճյուղերին առնչվող տեքստեր։
--00—ՅՄ