ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ դառնալու համար նոր թեկնածուների անունները հայտնի են։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրանք նախկինում աշխատել են նույն ԿԿ հանձնաժողովում։
Մեզ հայտնի դարձավ, որ նրանցից մեկը Նվարդ Վարդանյանն է, որը նախկինում աշխատել է Արդարադատության նախարարությունում, իսկ հետագայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում՝ որպես մարդկային ռեսուրսների փորձագետ, իսկ մյուս թեկնածուն Սարգիս Միրզոյանն է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրանց դիմումը խիստ զարմացրել է հանձնաժողովի անդամներին, քանի որ կարծիքներ են հնչել, որ նրանք ոլորտի կառավարման փորձ բացարձակ չունեն։ Ավելին՝ թեկնածուների առաջադրումը ՔՊ-ի հետ անգամ համաձայնեցված չի եղել։
Ստացվում է՝ մինչ ՔՊ-ն ուժեղ անդամներ է փնտրում, առավել պրոֆեսիոնալները չեն դիմում կամ ցանկություն չունեն աշխատելու ՔՊ թիմի հետ: Մարդիկ, վերջին դեպքերը տեսնելով, հասկացել են՝ առանց ՔՊ-ի համաձայնության իրենց ընտրությունը տապալված Է։»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
--00—ԱՊ