Միջազգային գործընկերների հետ համագործակցությունը մեր միակ անվտանգային համակարգն է. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

l-0x69wh-2048x1193z-0.3838

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստան-Միացյալ Թագավորություն հարաբերությունների դրական դինամիկան և շնորհակալություն հայտնել գործընկերներին այցի համար:

ԱԺ նախագահը հանդիպման սկզբում անդրադարձել է փետրվարի 13-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական սադրանքին, որի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Նա գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները և հայտնել հայկական կողմի մտահոգությունները:

«Ժողովրդավարության ուղին և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը մեր միակ անվտանգային համակարգն է, և դրանով պայմանավորված՝ պետք է նշեմ, որ ձեր այցը Հայաստանի Հանրապետություն հատկանշական է մեզ համար»,- նշել է ԱԺ նախագահը:

Սըր Ջոն Ուիթինգդեյլը ցավակցություն և զորակցություն է հայտնել Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով զոհվածների ընտանիքներին և հայ ժողովրդին:

Հանդիպման օրակարգում էին Հայաստան-Միացյալ Թագավորություն միջխորհրդարանական համագործակցությունը, անվտանգային, առևտրատնտեսական և այլ ուղղություններով փոխգործակցության ընդլայնումը և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Բրիտանացի խորհրդարանականները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանում շարունակական ժողովրդավարական բարեփոխումները և հայտնել իրենց պատրաստակամությունը` նպաստելու այդ բարեփոխումների հետագա զարգացմանը:

--00—ՅՄ