ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Միխալկոն մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Հունգարիան Ադրբեջանի պատճառով արգելափակել է Հայաստանին ԵՄ Խաղաղության հիմնադրամից 10 մլն եվրոյի չափով օգնությունը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, դիվանագետն ասել է, որ ԵՄ-ն ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ տարբեր ոլորտներում։
Նա հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հարավային Կովկասի տարածաշրջանի գործընկերներին. «Ներկայացվել է տարածաշրջանի երկրների համար բիզնես և ներդրումային ծրագիր։ Մենք ունենք համագործակցության առաջնահերթություններ՝ կապված կանաչ էներգիայի անցնելու, համակարգման և ձեռնարկատերերի աջակցության հետ։ Մենք համագործակցում ենք ոչ միայն Ադրբեջանի, այլև այլ երկրների հետ։ Մենք ցանկանում ենք տեսնել խաղաղություն և բարգավաճում Հարավային Կովկասում»:
Դեսպանն ընդգծել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպումը զուտ տնտեսական բնույթ է կրել. «Սա միտված է կայունացմանը, և Ադրբեջանին այդ մասին տեղեկացվել է։ ԵՄ-ի ներսում ընդունված ցանկացած որոշում կայացնելու որոշակի մեխանիզմ և ընթացակարգ կա»։
--00—ՅՄ