ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Քաղաքացի Սարգիս Կարապետյանը, դիմելով շուրջ 11 ամիս կալանավայրում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հարցրել է. «Աշոտյան ջան, Ձեր կարծիքով, ՔՊ-ի վերնախավը կմիանա՞ ժողովրդին, թե՞ չէ։ Եվ դուք կներե՞ք իրենց»:
Պատասխանելով այս հարցադրումներին, Ա. Աշոտյանն ասել է. «ՔՊ-ն բազում տառապանքներ և ցավեր է պատճառել հայ ժողովրդին։ Ես մնում եմ այն կարծիքին, որ հետագայում այդ քաղաքական խմբավորման գործունեությունը Հայաստանում պետք է արգելվի՝ որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, պետականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող միավորի։
Ինչ վերաբերում է իմ վերաբերմունքին ՔՊ-ի առանձին գործիչների հանդեպ, հետևյալն ասեմ. չհաշված ՔՊ-ի պատճառով իրենց ընտանիքի անդամներին կորցրած մարդկանց, իմ ընտանիքն ու ես երևի ՔՊ-ից ամենաշատը տուժած քաղաքացիներից ենք, որ դարձել ենք Փաշինյանի և իր թիմակիցների անբարոյականության, ստորության, վախերի և ոխերի թիրախը։
Այդքանով հանդերձ, եթե նրանք հիմա ապաշխարեն, մաքրվեն և օգնեն ժողովրդին մաքրել երկիրը նիկոլիզմից, և եթե ժողովուրդը դրա դիմաց ների իրենց, ես ո՞վ եմ, որ չներեմ։
Իսկ կներե՞ն նրանց Աստված և ՀՀ օրենսդրությունը, ասել չեմ կարող, քանի որ երկու դեպքում էլ լիազորված չեմ»։
--00—ԼՀ