Աղետի գոտում քննությունների նորմալ կազմակերպումը խնդրահարույց չէ. ԿԳՄՍ նախարարն այցելեց Ալավերդի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

kgn.

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելեց աղետի գոտի՝ տեղում ծանոթանալու ջրհեղեղից հետո ստեղծված իրավիճակին: Այցի շրջանակում նախարարը հյուրընկալվեց Ալավերդի քաղաքի թիվ 2 և 10 հիմնական դպրոցներում և զրուցեց աշակերտների հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ժաննա Անդրեասյանը նշեց, որ արդեն իսկ ձևավորված է աշխատանքային խումբ, որը պետք է ընդհանուր վնասների գնահատում իրականացնի, և այդ աշխատանքային խմբում ներառված են նաև ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները:

«Կրթական հաստատություններին, մշակութային հուշարձաններին և այլ ոլորտային հաստատություններին հասցված վնասը գնահատելու համար կպահանջվի որոշակի ժամանակ, որպեսզի ամբողջական պատկերն ավելի հստակ լինի: Այս պահի դրությամբ՝ հուշարձանների մասով նկատելի վնասներ բարեբախտաբար չեն եղել: Հիմնականում հուշարձանները զերծ են մնացել զգալի վնասներից: Օրինակ՝ Ալավերդիում պահպանվել է հին կամուրջը, որը նույնպես պատմամշակութային հուշարձան է: Մյուսների պարագայում դեռ կարիք կա գնահատելու վնասների հետ կապված խնդիրը, բայցևայնպես առաջին հայացքից պարզ է, որ լուրջ վնասներ չեն գրանցվել»,- նշեց Անդրեասյանը: 

Ինչ վերաբերում է կրթական հաստատություններին, ապա նախարարը հայտնեց, որ վնասվել է մասնավորապես Քարկոփի դպրոցը, քանի որ գյուղն ամբողջությամբ ջրածածկ էր եղել, ուստի ակնհայտ է, որ Քարկոփի դպրոցի հետ կապված աշխատանքների կարիք կա: Եվս մի քանի ուսումնական հաստատություններ, որոնք գտնվում էին աղետի առաջին գոտում և բախվել են ջրով լցվելու խնդրի հետ, նույնպես տարբեր աստիճանի վնասներ են կրել:  

«Քանի որ թևակոխում ենք ամառային արձակուրդների շրջան, հետևաբար կա բավարար ժամանակ մինչև սեպտեմբեր անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու համար, որպեսզի նոր ուսումնական տարում ոչինչ չխանգարի այդ դպրոցներում բնականոն գործընթացի մեկնարկին: Մենք կապի մեջ ենք բոլոր գործընկերների հետ՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար: Այստեղ շատ ակտիվ աշխատում են մարզպետարանն ու համայնքապետարանները, ինչպես նաև ՏԿԵ նախարարության գործընկերները: Այս տարածաշրջանում նունպես մենք ավարտելու ենք հանրակրթական դպրոցների ավարտական քննությունների փուլն ու ապահովելու ենք ընդունելության գործընթացը: Մարզպետարանի հետ ինտենսիվորեն աշխատել ենք, որպեսզի ի հայտ բերենք, թե որ տեղերում ունենք խնդիրներ: Նույն Քարկոփ գյուղը, որի բնակչությունն ամբողջությամբ տարհանվել է, կլինի ուշադրության կենտրոնում: Ավարտական քննությունները կազմակերպելու ժամանակ պետք է հաշվի առնենք բնակիչների տեղակայվածության հանգամանքը: Նմանատիպ խնդիր կա Ալավերդու ևս մեկ դպրոցում, որը գտնվում է քաղաքից կտրված թաղամասում: Բայց արդեն քննարկել ենք կազմակերպչական մեխանիզմները և վստահ եմ, որ բոլոր շրջանավարտներն ու դիմորդները քննություններին մասնակցելու խնդիր չեն ունենա»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

Նրա դիտարկմամբ՝ քանի որ դասերը դպրոցներում արդեն ավարտվել էին, հետևաբար այս պահին դասապրոցեսի հետ կապված խնդիրներ չկան: Խնդրահարույց իրավիճակ էր միայն Ալավերդու քոլեջում, որտեղ դասերը դեռ շարունակվում էին, ուստի առաջացան որոշակի խնդիրներ: Ելնելով իրավիճակից՝ կայացվեց դասընթացը հեռավար մեթոդով կազմակերպելու որոշում՝ խնդրին իրավիճակային լուծում տալու նկատառությամբ, մինչև կապահովվի լիարժեք դասընթացը: 

Նախարարը կիսվեց նաև աշակերտների հետ հանդիպումներից ստացած տպավորություններով: Շրջայցի շրջանակում Անդրեասյանն աշակերտներին նախ շնորհավորեց Երեխաների տոնի առթիվ, իսկ հետո զրուցեց նրանց հետ՝ նվիրելով գրենական պիտույքներ ու գրքեր: 

«Միշտ պետք է ուշադիր լինել նման աղետներից հետո առաջին ռեակցիաների նկատմամբ, որովհետև դրանք հետո փոխարինվում են երկարատև հետևանքներով: Այստեղ հոգեբանական աջակցությունն ու սոցիալական ծառայությունների աշխատանքը խիստ կարևոր է հատկապես երեխաների համար, քանի որ առաջին տպավորությամբ՝ գուցե նրանք հեշտ են հաղթահարում սթրեսը, սակայն իրականում կարող են առաջանալ բազմազան վախեր և դրանց հետ կապված խնդիրներ: Պարզապես անհրաժեշտ է երեխաների հետ ճիշտ աշխատել, որպեսզի այդ խնդիրները չխորանան: Իմ տպավորությամբ միջավայրն այստեղ դրական է այն առումով, որ երեխաներն արդեն իսկ կարողանում են իրենց պատկերացրածն ու զգացածն արտահայտել, ձևակերպել, ինչը շատ կարևոր է: Եթե դպրոցականներն ունենան որոշակի վախեր, այդ դեպքում կարիք կլինի նրանց հետ տանել ավելի խորքային աշխատանք: Այդուհանդերձ այնպիսի տպավորություն է, որ համայնքն ու տեղի ընտանիքները կարողացել են ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ խնդիրները չեն խորանա, պարզապես պետք է պահպանել այդ միջավայրը: Մեր նախարարությունն իր հերթին պլանավորում է արդեն այն փուլում, երբ ավարտվեն առաջնային վերականգնման աշխատանքները, ստեղծել շատ ակտիվ միջոցառումներ անցկացնելու հնարավորություններ աղետից տուժած բնակիչների, հատկապես երեխաների համար»,- մանրամասնեց Անդրեասյանը: 

Նախարարի պնդմամբ՝ երեխաների հանդեպ ուշադրությունը չպետք է սահմանափակվի միայն այս օրերով, այլ լինի շարունակական: Այն զգացողությունը, որ իրենք մենակ չեն և կա աջակցություն, թույլ է տալիս վստահաբար ասել, որ բոլոր խնդիրները կհաղթահարվեն: 

Անդրադառնալով ուսումնական ծրագրերում հատկապես քաղպաշտպանության հարցերն ընդլայնելու խնդրին՝ Անդրեասյանը շեշտեց, որ նախարարությունն այժմ հանրակրթական նոր չափորոշիչների ներդրման փուլում է, որտեղ նման հարցերը շատ կարևոր ուշադրություն են գրավում: 

Արտակարգ իրավիճակների նախկին նախարարության և ՆԳՆ գործընկերների հետ աշխատանքի հիմքում այն ուղղություն է, ըստ որի՝ կրթական բովանդակությունը պետք է դառնա ավելի համապատասխան: Ձևերը տարբեր են: Օրինակ՝ ՆԳ նախարարության աշխատակիցները, փրկարար ծառայության, ճգնաժամային կառավարման ակադեմիայի ներկայացուցիչները անցկացրել են բազմաթիվ հետազոտություններ՝ փաստելով, որ երեխաների համար շատ ավելի կարևոր է նման գիտելիքներ ստանալը մյուս գիտելիքների հետ: Գեղարվեստական գրականության մեջ բնության երևույթների մասին կարդալիս՝ հետաքրքիր է իմանալ այդ երևույթների առանձնահատկությունները, իմանալ, թե ինչպես կարելի է պաշտպանվել տարերային աղետներից և ինչպես վարվել նման իրավիճակներում:

«Աշխատել ենք, որպեսզի նման մոտեցումները նույնպես ինտեգրվեն ուսումնառության գործընթացում: Բացի դրանից կա նաև քաղպաշտպանության առանձին դասընթաց, որը ներառված է նախնական զինվորական պատրաստականության առարկայի մեջ, որտեղ առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ վարքականոնների վերաբերյալ տրվում են անհրաժեշտ գիտելիքներ: Ամենակարևոր ուղղություններից մեկն էլ կլիմայի փոփոխության գործընթացն է, որն ամբողջությամբ հանրակրթության ոլորտում ուսումնասիրվում է, և վերջին բնական աղետն էլ հենց կլիմայական փոփոխության արդյունք էր, հետևաբար շատ կարևոր է, որ երեխաները վաղ տարիքից հետազոտեն կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ կարևորելով բնապահպանական հարցերը: Այդ ուղղությամբ նույնպես կան բազմաթիվ ծրագրեր, որոնք համաձայնեցնում ենք միջազգային գործընկերների հետ»,- եզրափակեց ԿԳՄՍ նախարարը: 

--00—ԼՀ