Չմարդ եք, լկտի ու գռեհիկ. այս ամենը ձեր վախճանին է բերելու, շատերդ արդեն գիտեք դրա մասին. Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Կառավարությունն ու նրա ղեկավարը պետք է փոխվեն ու սա ոչ թե զուտ
ընդդիմադիր խմբակցություների դիրքորոշումը կամ ցանկությունն է, այլ այն, որ
դո՛ւք՝ իշխանություններդ, հասարակությանը՝ կառավարության և նախընտրական
ծրագրերով խոստացած ապագայի հեռանկարը ուղարկել եք աղբանոց: Այս մաին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հասարակությունն ընդամենը ընդդիմադիր ուժերի միջոցով հանրայնացնում է իր
տրամադրություններն ու ձևակերպում հանրային պահանջը՝ կառավարության ու
իշխող ուժի նկատմամբ անվստահության և հրաժարականի վերաբերյալ:

Այստեղ խնդիրը միայն այս կամ այն հրապարակում հավաքված մարդկանց թիվը չէ,
որը իշխանական քարոզչամեքենան այդքան շահարկում և մանիպուլացնում է, ոչ էլ
առավել ևս այն կեղծ իրականությունը, որը նաև այս ամբիոնից եք փորձում
ստեղծել ու միաժամանակ ծաղրանքի կամ հեգնանքի ենթարկել:

Համոզված եմ, որ դո՛ւք կամ ձեզանից ոմանք, ոչ միայն գիտակցում են
Հայաստանում ստեղծված ծայրահեղ տագնապալից իրադարձությունների քաղաքական
պատասխանատվության հարցը, այլ տիրապետում են իշխանության նկատմամբ հանրային
իրական տրամադրություններին և ցանկություններին:

Խնդիրը ոչ թե այն է, թե արդյոք դո՛ւք կարողացել եք կամ կարողանալու եք
պահել իշխանությունը, այլ այն, թե ինչ գին է վճարում երկիրը ձեր
արկածախնդրության և սեփական ժողովրդի նկատմամբ թշնամական գործողություններ
իրականացնելու պատճառով:

Ավելին՝ որոշներդ էլ գիտեք, թե ի՞նչ ծանր պատասխանատվության տակ եք մտել և
դա ինչ անկանխատեսելի հետևանքներ է ունենալու:

Միայն առաջին հայացքից ձեզ կարող է թվալ, որ մարդկանց անընդհատ ահաբեկելով,
բռնություն գործադրելով, ազատազրկելով ինքնափրկությամբ կամ իշխանության
պահպանմամբ եք զբաղված, որովհետև ձեր իսկ ստեղծած տուրբուլենտ
իրականությունը՝ մի փուլում, ձեր եւ ձեր կառավարության անխուսափելի
քաղաքական վախճանին է բերելու, ավելի ճիշտ՝ դրա վավերացումն է ապահովելու:

Որքան էլ ինքնախաբեության համար շարունակ գոռաք լեգիտիմ, ինքնիշխան,
աննախադեպ բառերը, նախադասության մեջ դրանց տեղերն ինչպես էլ փոխեք, մեկ է՝
իրականությունից փախուստ ձևակերպել չի հաջողվելու:

Քաղաքական գործընթացներն ու պետության կառավարման առաքելությունը
լկտիության, անպատկառության, անբարոյականության հետ խառնելը ձեզ չի՛
ազատում քաղաքական, մարդկային, հոգևոր պատասխանատվությունից:

Կոնկրետ քաղաքական գործիչների վատաբարո, լկտի, գռեհիկ վարքագիծը խոսում է
ոչ միայն իրենց իսկ տեսակի, չմարդու կերպարի ու դատարկաբանության, այլ
սեփական շեֆերին անսահման քծնելու և ստորաքարշության մասին ու այդ ամենը
Փաշինյանի, մանդատի և բերետի հետևից»,- նշեց նա:

--00—ԼՀ