ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
24News-ի բացառիկ տեղեկությունների համաձայն Փարաքար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը և Մերձավան վարչական շրջանի ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը գտնվում են Քննչական կոմիտեում։
24News-ին հասած տեղեկությունների համաձայն, համայնքի նախկին ղեկավարը և վարչական շրջանի ղեկավարը թույլ են տվել ենթադրյալ չարաշահումներ։
24News-ը կապ հաստատեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ, վերջինս նշեց, որ այս պահին հրապարակման ենթակա տեղեկատվություն չկա։
Մենք կապ հաստատեցինք Փարաքար խոշորացված համայնքի ներկայիս ղեկավար ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկատվությունը, որ Մինասյանն ու Ախտոյանը հրավիրվել են Քննչական կոմիտե․
«Մեզանից լավ գիտեք ինֆորմացիան, էլ մեզնից ի՞նչ պետք է իմանաք, ինչ կա՝ մանրամասն գիտեք, ուզում եք, կնիքե՞մ ես ձեր ասածները, ինչ գիտեք՝ ճիշտ է»,- ասաց Գյուլնազարյանը։
Սակայն, թե ի՞նչ գործի շրջանակներում են հրավիրվել կոմիտե, համայնքի ղեկավարը տեղեկություն չունի․
«Այ նախաքննության վերջանալուց հետո կիմանանք, ոչինչ չեն ասել՝ ճիշտն ասած։ Առավոտյան եկել ենք աշխատանքի, աշխատակիցները (իրավապահները - խմբ.) եկել են, ներկայացել են, մի քանի փաստաթուղթ են ուզել, մենք էլ տվել ենք։ Մնացածը՝ նախաքննությունից հետո, խոստանում եմ զրուցենք, Ձեր բոլոր հարցերին պատասխանեմ», - ասաց նա:
Հարցին, իսկ պաշտոնը ստանձնելուց հետո փաստաթղթերին չի՞ ծանոթացել՝ Փարաքարի նախկին համայնքապետը և Մերձավանի վարչական շրջանի ղեկավարը գուցե խախտումներ են թույլ տվել, Գյունազարյանը նշեց․
«Ճիշտն ասած՝ մենք դեռ հանձնում ընդունում էլ չենք հասցրել անել, որովհետև դուք էլ գիտեք, որ Մինասյանը Դավիթը հրաժարական է տվել, մինչև էդ իմպիչմենտի գործընթաց հայտարարվեց, հրաժարական տվեց, հետո իմ երդմնակալության արարողությունը և փաստաթղթաշրջանառությունը ամբողջովին չի, որ գույքագրված է, ուստի ձեր հարցին չեմ կարող սպառիչ պատասխան տալ»։
Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանը մայիսի 22-ին հրաժարական էր ներկայացրել ու պաշտպանել ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունն այն բանից հետո, երբ իր խմբակցության անդամներից մեկը միացել էր իրեն անվստահություն հայտնելու գործընթացին:
Մերի Մանուկյան
--00—ԼՀ