Անհրաժեշտ են գործուն քայլեր երեխաների իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

mip

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում լայն տարածում են գտել երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք առիթ են դառնում երեխային թիրախավորելու և բուլինգի ենթարկելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

«Հարկ է նկատի ունենալ, որ նման տեսանյութերը հանդիսանում են երեխաների անձնական տվյալների հանրայնացում, ինչի հետևանքով երեխաները թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում:

Մարդու իրավունքների պաշտպանը վերը նշված հանգամանքներն անթույլատրելի է համարում։

ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման արդյունքներով, երբեմն, անձնական տվյալները հրապարակվում են առանց երեխաների և նրանց օրինական ներկայացուցիչների իմացության ու իրազեկ համաձայնության, ինչն անթույլատրելի է ու ոչ իրավաչափ:

Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից:

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է երեխաների իրավունքների, այդ թվում՝ երեխաների անձնական տվյալների պաշտպանության երաշխավորումը: Երեխաների մասնակցությամբ լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը պետք է իրականացվի երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ և «մի՛ վնասիր» սկզբունքով:

Նրանց անձնական տվյալները հրապարակելիս, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելիս կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելիս` պետք է խստորեն պահպանել անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու՝ միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջները։

 Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում երեխաների իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ, իրականացել յուրաքանչյուրի, և, հատկապես, երեխայի անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ ու վերապատրաստումներ»,-նշված է հաղորդագրության մեջ:

--00—ԼՀ