ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
Ռուսաստանի Կուրսկի մարզի սահմանամերձ բնակավայրերի մոտ 3000 բնակիչ է տարհանվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակումների պատճառով։ Նրանց մի մասը գտնվում է ժամանակավոր տեղավորման կետերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում լրագրողներին հայտնել է փոխնահանգապետի պաշտոնակատար Անդրեյ Բելոստոցկին։
«Մենք տարհանել ենք ամբողջ բնակչությանը, որը պետք է տարհանվեր՝ շուրջ 3000 մարդու: 1500 մարդ այժմ գտնվում է ժամանակավոր տեղավորման կետերում», - ասել է նա։
Բելոստոցկին հավելել է, որ սահմանամերձ շրջանների բնակիչներին ընդունելու համար պատրաստվել է 21 ժամանակավոր տեղավորման կետ։
Փոխնահանգապետի պաշտոնակատարը նաև նշել է, որ հակառակորդը չի շարժվել դեպի տարածաշրջանի խորքը, այլ ընդհակառակը, նահանջում է:
Կուրսկի մարզը լայնածավալ հարձակման է ենթարկվել օգոստոսի 6-ից։ Այնտեղ ծանր մարտեր են ընթացել նաև օգոստոսի 7-ին։ Կուրսկ է ժամանել «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատը, որի հրամանատարը հայտնել էր, որ մի քանի բնակավայրեր գրավված են։
--00--ԼՀ