ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Ուսուցչի օրվա առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարգևատրեց ոլորտի մի խումբ ներկայացուցիչների և ամփոփեց «Տարվա լավագույնները» 2024 մրցույթի արդյունքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 5-ին Երևանի պետական համալսարանում։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը և այլք։
Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով ուսուցիչներին, նշեց, որ այս տարի Ուսուցչի միջազգային օրն անցկացվում է «Արժևորելով ուսուցիչների ձայնը. դեպի կրթության նոր հանրային համաձայնագիր» խորագրի ներքո։ «Կարծում եմ, որ սա շատ կարևոր խորագիր է, որն առաջին հերթին բոլորիս ուղղորդում է լսել ձեզ, ճանաչել ձեր փորձը, հաշվի առնել մտահոգությունները, ձեր տեսլականը իրականացվող բոլոր բարեփոխումներին։ Եվ բոլորովին պատահական չէ, որ այս տարի մեկնարկեցինք ուսուցչական համաժողովների ձևաչափը, որոնք նպատակ ունեն առաջին հերթին լսելի դառնալու հարթակը տրամադրել ձեզ»,-ասաց Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանը հանրակրթության բարեփոխումների ինտենսիվ փուլում է, ինչն ուսուցիչներից պահանջում է ավելի մեծ ջանքերի գործադրում։«Մենք պետք է ավելի նորարար և ստեղծագործ լինենք, ավելի ուշադիր և ավելի շատ ժամանակ տրամադրենք մեր ինքնակրթությանը։ Ուրախ եմ, որ այս տարվա ընթացքում բազմաթիվ հայտեր ենք ստացել ամսվա լավագույների շրջանակներում, իրականացված տարբեր ծրագրերի շրջանակներում, որոնց ցույց էին տալիս, թե ինչ մեծ աշխատանք է կատարվում դպրոցներում»,-շեշտեց Անդրեասյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ