ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Անգլիայի լիգայի Գավաթի 2024/25թթ․ խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» 5։2 հաշվով հաղթել է «Լեսթերին»։
Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին գեղեցիկ կրակոցով բացել է «կարմիր սատանաների» կիսապաշտպան Կասեմիրոն։ 28-րդ րոպեին տանտերերի գեղեցիկ կոմբինացիան ավարտվել է գոլով․ աչքի է ընկել Ալեխանդրո Գարնաչոն։
«Լեսթերը» 33-րդ րոպեին կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը։ Բիլալ Էլ Հանուսը կարողացել է գրավել Ալտայ Բայընդըրի պաշտպանած դարպասը։
Բաց թողած գոլից 3 րոպե անց տանտերերի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի իրացրած տուգանայինից գնդակն անդրադարձով հայտնվել է Դենի Ուորդի դարպասը։ 39-րդ րոպեին Կասեմիրոն դարձել է դուբլի հեղինակ։
Ընդմիջում գնալուց առաջ «աղվեսները» ևս մեկ անգամ անհանգստացրել են «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահին․ գոլ է խփել Քոնոր Քոուդին։
Երկրորդ խաղակեսում դուբլ է ձևակերպել նաև Բրունո Ֆերնանդեշը։ Պորտուգալացին իր գոլը խփել է 59-րդ րոպեին։
Այսպիսով, հաջորդ փուլ է դուրս գալիս «Մանչեսթեր Յունայթեդը»։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ