Ցուցուլյանը հանձնարարել է ուշադրություն դարձնել շինությունների նկուղային հարկերի թաքստոցների վիճակին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

photo_2024-12-13_15-57-17

Դեկտեմբերի 12-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներն ու օգնականը, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ 

Խորհրդակցության ընթացքում Տնօրենը հատկապես կարևորել է Փրկարար ծառայության արձագանքող ստորաբաժանումների, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության, ինչպես նաև ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտի  ՃՇՇ-ների միջև ակտիվ փոխհամագործակցությունը՝ նշելով որ քաղաքացիներին ժամանակին և համարժեք օգնության տրամադրումը ՆԳՆ փրկարար ծառայության գերխնդիրներից է:

Զեկույցներով հանդես են եկել ստորաբաժանումների ղեկավարները, ովքեր  ներկայացրել են ընթացիկ աշխատանքները, հանձնարարականների կատարման ընթացքը և ձեռնարկված միջոցառումները՝ նշելով որ անձնակազմը պատրաստ է իրականացնել իր առջև դրված առաջադրանքները։

Լսելով ընթացիկ զեկույցները՝ Կ․ Ցուցուլյանը մատնանշել է գործունեության ընթացքում ի հայտ եկած թերությունները և բացթողումները՝  ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարելով առավելագույն ջանքեր ներդնել ի հայտ եկած խնդիրների լուծման ուղղությամբ։

ՓԾ Տնօրենը հատուկ անդրադարձել է կանխարգելիչ միջոցառումների կարևորությանը, իսկ մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրել է հանրապետության բարդ ռելիեֆով առանձնացող ավտոճանապարհներին իրականացնել շրջայցեր՝ դեպքերին առավել արդյունավետ և օպերատիվորեն արձագանքելու, մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով, իսկ անհրաժեշտության դեպքում ծավալել առաջին օգնության ժամանակավոր հենակետեր։

Փրկարար ծառայության Տնօրենը հանձնարարել է մշտապես ուշադրություն դարձնել սպասարկման տարածքներում գտնվող հիդրանտների սարքինությանը, շենք, շինությունների նկուղային հարկերում տեղակայված թաքստոցների վիճակին՝ համագործակցելով շահագրգիռ մարմինների հետ։ 

Խորհրդակցության ավարտին Կ․Ցուցուլյանն անդրադարձել է փրկարարների կարգապահական և բարեվարքության հարցերին, ստորաբաժանումների ղեկավարներին հորդորել համակարգված աշխատանքներ իրականացնել ծառայության բարելավման ուղղությամբ, խստորեն հետևել կարգուկանոնին, հսկողություն սահմանել ենթակա անձնակազմի ծառայության նկատմամբ, տվել այլ հանձնարարականներ ու ցուցումներ։ 

--00—ՅՄ