ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը չի հավատում, որ իր օգնական Արմեն Մարկոսյանը կարող է թմրանյութ օգտագործել, ինչի համար էլ նրան այսօր վաղ առավոտյան բերման են ենթարկել ոստիկանություն։ Ավելին, նա վստահ է, որ այս միջադեպը կապված է իր օգնականի ու Համայնքային ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի միջև առկա լարված փոխհարաբերություններով։
«Էդ մարդուն արդեն ամբողջ հանրապետությունը սարքեց «նառկաման», բա որ սուտ լինի, ո՞վ ա պատասխան տալու։ Կամ էդ ձերբակալելու ձևը՝ մարդասպա՞ն ա, առավոտ գիշերով գործի գալուց բերման են ենթարկում»,- 24News-ի հետ զրույցում նշել է Մովսիսյանը։
«Իրենք երկուսն էլ Բյուրական գյուղից են՝ միլպետը ու իմ օգնականը, ու լավ հարաբերությունների մեջ չեն, ու ինչքան գիտեմ՝ միլպետի վերջին օրն ա էսօր», - հավելել է նա։
Մովսիսյանը նաև խոստացել է, որ հետևողական է լինելու, որ «հանկարծ ոչ մի կողմից խոչընդոտներ չլինի արդարադատության իրականացմանը»։ «Ոչ մի նորմալ մարդ չի կարող թմրամիջոցներին նորմալ վերաբերվի։ Բայց ես համարում եմ, որ մի բան էն չի էստեղ, որովհետև ինչքան, որ ես ճանաչում եմ Արմենին Մարկոսյան, ինքը՝ ուսուցիչ ա եղել, սպորտսմեն տղա ա։ Երբեք չեմ նկատել նման երևույթներ»,- մանրամասնեց մարզպետը։
Հիշեցնենք, որ Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, դեկտեմբերի 16-ին Ագարակ-Աշտարակ ճանապարհահատվածից ապօրինի թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով ձերբակալել, բաժին են տեղափոխել մի տղամարդու, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 11,5 գրամ դեղնականաչավուն զանգված։
Մերի Մանուկյան
--00—ԼՀ