ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Քուսայայի բարձունքներին Լիբանանի արևելքի Զահլե քաղաքի մերձակայքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Janoubia լրատվական հարթակը հաղորդել է, որ ինքնաթիռները հրթիռներ են արձակել այդ շրջանում գտնվող երեք ռազմական օբյեկտի ուղղությամբ։
Օդային գրոհի հետևանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Իր հերթին ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 25-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են շիաների «Հեզբոլլահ» կազմավորման զինյալների պահեստը Բաալբեկ քաղաքից դեպի արևմուտք գտնվող Տարայա բնակավայրում։ Իսրայելցի զինվորականների պնդմամբ՝ դեկտեմբերի սկզբին Սիրիայից այնտեղ է տեղափոխվել իրանական զենք։ Գրոհի ժամանակ ավերվել է տներից մեկը, զոհերի և վիրավորների մասին տվյալներ չկան։
Լիբանանի հարավում իսրայելական հատուկ ջոկատայինները դեկտեմբերի 26-ին «մաքրել են» սահմանամերձ Մարջայունի շրջանի Վադի ալ Խոջաիր թաղամասը։ Գործողության ընթացքում զրահատեխնիկան մտել է Կանտարա ավան, նրա բնակիչներն շտապ տարհանվել են հարևան գյուղեր։ Լիբանանի հրամանատարությունը Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերին տեղեկացրել է Իսրայելի զինված ուժերի գործողությունների մասին՝ դրանք գնահատելով որպես հրադադարի ռեժիմի խախտում։
Ավելի վաղ հանրապետության վարչապետ Նաջիբ Միքատին Իսրայելին մեղադրել է այն բանում, որ նա չի կատարում 60-օրյա հրադադարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։ Նա հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի հանձնաժողովին կոչ է արել «վերջ տալ իսրայելական խախտումներին և հասնել օկուպացիոն ուժերի դուրսբերման Լիբանանի հարավի՝ նրանց կողմից գրավված բոլոր տարածքներից»:
Ըստ Janoubia հարթակի տվյալների՝ իսրայելական կողմն այս շաբաթ ԱՄՆ-ին և Ֆրանսիային ծանուցել է, որ կարող է վեց ամսով երկարացնել իր ռազմական ներկայությունը Լիբանանի հարավում, եթե լիբանանյան բանակը մինչև հունվարի 27-ը չավարտի իր ուժերի տեղակայումը սահմանամերձ շրջաններում։
Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի շուրջ համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին։ Ձեռք բերված համաձայնությունները նախատեսում են լիբանանյան բանակի վերահսկողության վերականգնում երկրի հարավում, այնտեղից «Հեզբոլլահ»-ի ջոկատների դուրսբերում և զինաթափում։ Իսրայելի զորքերը, որոնք ցամաքային գործողություն են իրականացնում, պետք է 60 օրվա ընթացքում հեռանան Լիբանանի տարածքից:
--00—ԼՀ