Հայ գերիներին Բաքվում խոշտանգում են, Ռ. Վարդանյանը դա էր ասում, ՀՀ իշխանության ջանքերը տեսանելի չեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Ռուբեն Վարդանյանի ուղերձը ևս մեկ անգամ հաստատեց կամ բացահայտեց այն ողջ ճշմարտությունը, որի մասին այս ընթացքում խոսում էր իրավապաշտպան համայնքը, այն, որ սա որևէ ձևով չի կարող համարվել իրավական գործընթաց, որի ընթացքում պահպանված չէ մարդու ամենատարրական իրավունքների պաշտպանությունը, որ նրանք խոշտանգվում են Բաքվի բանտերում։ Այս մասին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նշենք, որ այս պահին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընթանում է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին ազատ արձակելու պահանջով ակցիան։

Հիշեցնենք, որ այսօր տեղի կունենա Բաքվում կեղծ մեղադրանքներով պահվող 16 անձի դատավարությունները:

«Միջազգային հանրությունը ոչինչ չի անելու, քանի դեռ հստակ պահանջներ ձևակերպված չեն թե ՀՀ իշխանությունների, թե նաև Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների կողմից։ Ի վերջո, այս հարցը պետք է դարձնել օրակարգային, և միայն դրանից հետո հնարավոր է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը աճ գրանցի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ