ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բարձրաստիճան դիվանագետները փետրվարի 27-ին Ստամբուլում կհանդիպեն՝ քննարկելու երկու երկրներում դեսպանատների բնականոն գործունեության վերսկսումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դոհայում լրագրողների հետ զրույցում։
«Նման հանդիպում տեղի կունենա վաղը Ստամբուլում, և ես կարծում եմ, որ դրա արդյունքները ցույց կտան, թե որքան արագ և արդյունավետ կարող ենք շարժվել», - Լավրովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
Լավրովը նշել է, որ երկու երկրների ներկայացուցիչները կքննարկեն կողմերի միջև կուտակված խնդիրները։
«Մեր բարձրաստիճան դիվանագետները, փորձագետները կհանդիպեն և կքննարկեն համակարգային խնդիրները, որոնք կուտակվել են նախորդ վարչակազմի հակաիրավական գործունեության արդյունքում՝ արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ռուսաստանի դեսպանատան գործունեության համար, ինչին մենք, բնականաբար, հակադարձել ենք և նույնպես անհարմար պայմաններ ենք ստեղծել Մոսկվայում ամերիկյան դեսպանատան աշխատանքի համար», - ասել է ՌԴ արտգործնախարարը։
--00—ՅՄ