ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Շատերը ընդհանրություններ են տեսնում Գորբաչովի և Նիկոլի մեջ․ երկուսն էլ գավառական պոպուլիստներ են, անգամ երկուսի կանանց գործոնն է շատ նման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը․
«Մեր օրերում քիչ են խոսում, որ Բեռլինի պատն իրականում քանդել է ոչ թե Արևմուտքը, այլ Խորհրդային Միությունը: Վերջին տարիներին գաղտազերծված փաստաթղթերը և բազմաթիվ գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Գերմանիայի միավորումը միանշանակորեն ԽՍՀՄ նախաձեռնությամբ է իրականացվել: Ավելին՝ այդ գաղափարին դեմ է եղել Արևմուտքը: Գերմանիայի վերամիավորման գաղափարը ԽՍՀՄ Քաղբյուրոյում Ստալինի մահից հետո ակտիվորեն սկսել է շրջանառել դեռևս Բերիան, բայց վերջնականորեն Քաղբյուրոն վերամիավորման որոշումը կայացրել է 1978-ին՝ ուշբրեժնևյան ժամանակաշրջանում:
Եվ, երբ Գորբաչյովը 1986-ին սկսեց գործնական քայլերը, ամերիկացիները դեմ էին, իսկ ֆրանսիայի նախագահ Միտտերանն ու Բրիտանիայի վարչապետ Թետչերը շտապում էին Մոսկվա՝ Գորբաչովին ու Շևարնաձեին առանց դիվանագիտական սեթևանքների ասելու «էս ի՞նչ եք անում, խելքներդ գցե՞լ եք»: Ֆրանսիան և Բրիտանիան առաջարկում էին պահպանել ԳԴՀ-ն: Հասկանալու համար, թե ինչու՞ էին ֆրանսիացիներն ու բրիտանացիներն այսպես տրամադրված, պետք է իմանալ եվրոպական Realpolitik-ի պատմությունը՝ սկսած Սրբազան Հռոմեական Կայսրության ժամանակներից:
Հաշվելով, որ Սովետները, այնուամենայնիվ, գնալու են այդ քայլին և հնարավոր չի լինելու կանխել Գերմանիայի վերամիավորումը, Ամերիկան հրապարակայնորեն միացավ խաղին: Բանակցությունները ինչպես հիմա են ասում՝ ընթանում էին մի քանի track-ով՝ ԽՍՀՄ-ԳՖՀ, ԽՍՀՄ-ԳՖՀ-Բրիտանիա-Ֆրանսիա-ԱՄՆ և ԽՍՀՄ-ԱՄՆ: Միայն ԳԴՀ-ի հետ ոչ մեկը չխոսեց:
Գորբաչովը սկզբնապես առաջարկում էր՝ Գերմանիան վերամիավորվում է և դուրս է գալիս ՆԱՏՕ-ից՝ դառնալով Ավստրիայի օրինակով չեզոք պետություն կամ վերամիավորված Գերմանիան միաժամանակ հանդիսանում է և ՆԱՏՕ-ի, և Վարշավյան համաձայնագրի անդամ: Ամերիկացիները միանգամից են այս տարբերակները մերժել՝ հստակ սահմանելով իրենց կարմիր գիծը՝ Գերմանիան չի կարող դուրս գալ ՆԱՏՕ-ից: Արդեն խոսել ենք, որ առանց Գերմանիայի ՆԱՏՕ-ն գոյություն չունի:
Ի վերջո Գորբաչովին հաջողվում է (նաև ԳՖՀ աջակցությամբ) հասնել նրան, որ արձանագրվի՝ վերամիավորված Գերմանիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց նախկին ԳԴՀ տարածքում չեն կարող լինել այլ զորքեր, բացի գերմանականից: Սա քիչ հայտնի փաստ է, նաև հետաքրքիր է, որ մինչև հիմա այդ համաձայնությունը սրբորեն պահպանվում է:
Այնպես որ, երբ 1987-ի Բեռլինից արխիվային կադրեր եք տեսնում, որտեղ Ռեյգանը Բրանդերբուրգյան դարպասների առջև հավաքված բեմից հայտարարում է «Mr. Gorbachev - tear down this wall», հիշեք՝ սա հիանալի քաղաքական «մաստեր-կլաս է» առ այն, թե ինչպես է հնարավոր մրցակցի նախաձեռնությունը յուրացնել ու միլիոնավորների ծափողջյուններին արժանանալ:
Այնուամենայնիվ, Գերմանիան վերամիավորած Գորբաչովը պատմական նշանակության մի կարևոր խնդիր է լուծել ռուսների համար: Գորբաչյովը կարող էր տեղի տալ Արևմուտքի ճնշումներին և Արևելյան Եվրոպայից դուրս գալ առանց վերամիավորելու Գերմանիան: Դա կլինել թե ԱՄՆ-ի, և թե հատկապես Ֆրանսիայի ու Բրիտանիայի սրտով: Այսօր էլ Սառը պատերազմի տարիների նման կլիներ երկու Գերմանիա: Անշուշտ, առանց պատի, առանց սոցիալիզմ-կապիտալիզմ պայքարի ու Շտազիի, բայց երկու Գերմանիա, երկուսն էլ ԵՄ անդամ, երկուսից մեկը ՆԱՏՕ-ի անդամ, մյուսը՝ Ավստրիայի նման չեզոք կամ նույնպես ՆԱՏՕ-ի անդամ:
Ի՞նչ խնդիր լուծեց Գորբաչովը. Գերմանիայի վերամիավորմամբ պատմական հեռանկարում նա վերացրեց ռուս և գերմանացի ժողովուրդների միջև եղած թշնամությունը և ՆԱՏՕ-ի տակը «ռումբ դրեց»: Սա, իրոք, բացառիկ երևույթ է. ռուս-գերմանական թշնամության վերացումը նման չէ անգլո-գերմանական և ֆրանս-գերմանական թշնամության վերացմանը: Դրանք տեղի են ունեցել ինտեգրացիոն հարթակներում՝ ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում՝ Ամերիկայի ընդհանուր անձրևանոցի ներքո, իսկ ռուս-գերմանականին Գորբաչյովը հասավ Գերմանիայի վերամիավորումով:
Ի դեպ, մի ճշգրտում. վերամիավորել տերմինը բովանդակային առումով երևի թե թերի է: Գորբաչյովը ոչ թե վերամիավորեց Գերմանիան, այլ հանձնեց ԳԴՀ-ն: Եվ, դա արեց ստոր եղանակով. Գորբաչյովը Հելմուտ Կոլից երաշխիքներ չպահանջեց ԳԴՀ կուսակցական վերնախավի ու Շտազիի ղեկավարության համար, որոնք տարիներ շարունակ հավատարմորեն ծառայել էին ԽՍՀՄ-ին ու մեծ նվիրվածությամբ պաշտպանել էին աշխարհում «սոցիալիզմի հաղթանակի գործը»: Նրանք անձի անվտանգության և անձեռնմխելիության որևիցե երաշխիք չստացան ու հանձնվեցին ճակատագրի քմահաճույքին: Եվ, երբ Գերմանիայում սկսեցին հալածել այս մարդկանց, Գորբաչովը նրանց ԽՍՀՄ չտեղափոխեց՝ թույլ տալով, որ հաղթածները ԽՍՀՄ «նախկին ընկերների» հետ վարվեն այնպես, ինչպես ցանկանում են:
«Նախկին ընկերներին» դավաճանելը էժան չի նստել ԽՍՀՄ-ի վրա: Չկա մի կայսրություն, որը դավաճանում է և երկար տարիների կյանք է ունենում: Ինչ-որ տեղ «նախկին ընկերներին» դավաճանելու բարդույթով էր պայմանավորված, որ ներկայիս Ռուսաստանի ղեկավարությունը Վիկտոր Յանուկովիչին, այնուամենայնիվ, հյուրընկալեց Ռուսաստանում, այլ ոչ թե ոչնչացրեց՝ որպես Ուկրաինայում Ռուսաստանին ամեմեծ վնասը տված շառլատանի:
Հետաքրքիր է, որ շատերը ընդհանրություններ են տեսնում Գորբաչովի և Նիկոլի մեջ: Նմանություններ կան իհարկե. երկուսն էլ տեսակով ազգակործան պատուհասներ են, երկուսն էլ գավառական պոպուլիստներ են, երկուսն էլ միջազգային հարաբերությունների և պետական շահի հետ այնքան կապ ունեն, ինչքան խոզը տիեզերագնացության հետ: Անգամ երկուսի կանանց գործոնն է շատ նման, թեև անձնապես Ռայիսա Մաքսիմովնային Հակոբյան Աննայի հետ համեմատելը տեղին չէ:
Ինչևէ, Արևելյան Եվրոպան հանձնած Գորբաչովը ռուս ժողովրդի համար գոնե թե ռուս-գերմանական թշնամության վերացման հարցն է լուծել, մինչդեռ Արցախը հանձնած Նիկոլը ոչ միայն չի լուծել հայ-ադրբեջանական թշնամության հարցը, այլև բազմակի անգամներ խորացրել է այդ թշնամությունը, ավելին՝ կապիտուլյանտը Ադրբեջանին հնարավորություն է տվել հայերի հետ թշնամությունը շարունակել շատ ավելի հարմարավետ դիրքերից ու շատ ավելի մեծ ենթակառուցվածքային ու լոգիստիկ ռեսուրսներով: Ո՞վ է Գորբաչովը ռուս ժողովրդի հիշողության և ընկալումների մեջ, ավելորդ է ասել: Ո՞վ է լինելու Նիկոլը հայ ժողովրդի հիշողության և ընկալումների մեջ, նույնպես ավելորդ է ասելը: Ամեն ինչ պարզ է, նույնիսկ Նիկոլի շրջապատի համար է ամեն ինչ պարզ»:
--00—ՅՄ