Էջմիածնում ուսուցիչը հարվածել է աշակերտին. հետո վերջինս հայրը և ընկերները եկել են պարզաբանումների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի դիմացի հատվածում մոտ 10 անձինք վիճաբանում և փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի ֆիզիկական պատրաստության ուսուցիչ, Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արտաշես Չ․-ն փետրվարի 26-ին ֆիզիկական պատրաստության դասաժամին հարվածել է 6-րդ դասարանի աշակերտ, Արմավիրի մարզի բնակիչ 11-ամյա Ա․ Ա․-ին:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փետրվարի 27-ին նշված հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով դպրոց է եկել երեխայի հայրը, Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ռաֆայել Ա․-ն՝ իր եղբոր ընկերների հետ միասին, ապա դպրոցի վարչական շենքում հանդիպել Արտաշես Չ․-ին, հարվածել վերջինիս, որից հետո ուսուցիչը դպրոց է կանչել եղբորը՝ Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արամ Չ․-ին և վերջիններիս միջև ծագած վիճաբանությունը շարունակվել է դպրոցի դիմացի հատվածում՝ Բաղրամյան փողոցում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նույն օրը դեպքի վայրից ձերբակալվել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ 36-ամյա Ռաֆայել Ա․-ն, 36-ամյա Տիգրան Ս․-ն, 33-ամյա Արամ Չ․-ն, 34-ամյա Կարեն  Ա․-ն և 36-ամյա Վահե Գ․-ն:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք ձերբակալվածների հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

--00--ԱՀ