Դրամի բարձր կուրսը դանդաղ սպանում է Հայաստանի տնտեսությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

աա
Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը գրում է․

«Դրամի բարձր կուրսը դանդաղ սպանում է Հայաստանի տնտեսությունը։
 
Իրականում «տնտեսություն» ասածը մի փոքր չափազանցված եմ գրել։ Ներկրողների գործերը լավ են գնում, արտահանողներն ու տուրիզմի ոլորտն են ամենաշատը տուժում։
 
Այս տարվա առաջին եռամսյակը, նախորդ տարվա համեմատ, ըստ տուրիստական ոլորտի ընկերների՝ ներգնա տուրիզմն անկում է ապրել 30-40 տոկոսով։ Հյուրանոցներում տխուր իրավիճակ է։
 
Ըստ Numbeo-ի և Mercer ընկերությունների, որոնք դասակարգում են աշխարհի քաղաքներն ըստ թանկության՝ Երևանը ԱՊՀ ամենաթանկ քաղաքն է։ Արդեն Մոսկվայից, Թբիլիսիից, Բաքվից էլ թանկ ենք, մրցակցում ենք Նյու Յորքի ու Լոնդոնի հետ։ Մի քանի ամիս առաջ Լոնդոնում էի։ Ասեմ, որ, համենայնդեպս ՀՈՌԵԿԱ ոլորտում, մեզ մոտ Լոնդոնի գներն են, և եվրոպական շատ քաղաքներ՝ ասենք Պրահան կամ Բուդապեշտը, ՀՈՌԵԿԱ-ի ոլորտում մեզանից բավական մատչելի են։
 
Ինչո՞ւ։ Որովհետև Կենտրոնական բանկը որոշել է, որ հայկական դրամը պետք է թանկ պահել։ Ոչինչ, որ արդյունքում տուրիզմն ու արտահանումը դանդաղ մեռնում են, Հայաստան ներդրում անելը շահավետ չէ, քանի որ դոլարի և եվրոյի գոտու համար մենք լինելու ենք շատ թանկ երկիր։ Բնականաբար, նաև ռուբլու գոտու համար թանկանում ենք, քանի որ ռուբլին էլ անկում է ապրում պատերազմի ֆոնին։
 
Ի՞նչ եք կարծում, զբոսաշրջիկները եթե նայեն գներն ու տեսնեն, որ Երևանը ԱՊՀ ամենաթանկ քաղաքն է, որի գները մոտ են Նյու Յորքի ու Լոնդոնի գներին, իսկ Մոսկվայից վաղուց անցել են, կուզե՞ն այցելել Երևան։ Զբոսաշրջիկները «ոտքով» են ընտրություն կատարում, և այս տարվա թվերը ցույց են տալիս, որ Հայաստանը շատ հեռու է առաջնահերթություն լինելու համար։ Պլյուս ավելանում են պատերազմի մասին լուրերն ու լարված քաղաքական իրավիճակը»։

 

--00—ՍՊ