ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Այսօր՝ ապրիլի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 64-ամյա Հրաչիկ Մ.-ն իր վարած «MAN» մակնիշի, Երևանի քաղաքապետարանում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող ավտոբուսով Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Էմմա Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հովհաննես Սիմոնյանն ու պարեկ Տիրայր Անտոնյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
--00--ԱՀ