Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

․

Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի շրջանի հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ապրիլի 24-ը շրջանի տարածքում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու միջնորդությանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է PasadenaNow-ն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ հոգաբարձուներ Քեթրին Բարգերի և Հիլդա Սոլիսի կողմից ներկայացված միջնորդությունը դատապարտում է թուրքական կառավարությանը՝  Ցեղասպանությունը ժխտելու համար: 

Միջնորդությունը նաև անդրադառնում է վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումերին, որի հետևանքով տեղի հայ բնակչությունը ստիպված է եղել լքել իր հայրենիքը։ 

Միջնորդության հեղինակները կոչ են արել ԱՄՆ-ի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ մարդու իրավունքների շարունակական խախտումների համար և պահանջել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից գերության մեջ գտնվող հայ պատանդներին։ 

2021 թվականի ապրիլի 24-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 

--00—ԱՀ