Ադրբեջանի ստվերային տնտեսությունը․ օտարերկրյա ներդրումները՝ հատկապես ռազմավարական ոլորտում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

ff

«Գեղարդ» վերլուծական․ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահը 2025 թվականի փետրվարի 13-ին հայտարարել է, թե հարկերից խուսափելու դեմ պայքարին ուղղված բարեփոխումները խթանում են ադրբեջանական հարկային համակարգի արդիականացումը և դրա ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը։ Շահին Բագիրովի խոսքով՝ զգալի քայլեր են ձեռնարկվել ստվերային տնտեսությունը կանխելու, տնտեսական գործունեությունն ու եկամուտներն օրինականացնելու ուղղությամբ, քանի որ ստվերային տնտեսությունն Ադրբեջանի տնտեսական անվտանգության համար լրջագույն վտանգ է ներկայացնում։

Փաստորեն՝ Շ․ Բագիրովը խոստովանել է, որ դեռևս 1990-ականներից առկա այդ խնդիրը չի վերացել․ միջազգային կառույցների բազմաթիվ արձանագրումներ անտեսվել են։ Ձախողվել է երկրի նախագահի 2021 թվականի «հրահանգ-խոստումը», ըստ որի՝ ստվերային տնտեսությունն Ադրբեջանում կհասցվի նվազագույնի։ «Ադրբեջան 2030. սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթություններում» Իլհամ Ալիևը կարևոր է համարել օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը հատկապես ռազմավարական ոլորտներում։

Ստվերային տնտեսությունը յուրահատուկ է աշխարհի բոլոր երկրներին, և համաշխարհային համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) ստվերային տնտեսությունը գնահատվում է 21-23 տոկոս (նվազման միտումով)։ Սակայն, եթե զարգացած երկրներում (ՀՆԱ) այն տատանվում է սովորաբար 15-16 տոկոսի սահմաններում, ապա զարգացող երկրներում գերազանցում է նույնիսկ 50 տոկոսը։ Ադրբեջանի դեպքում այլ է՝ պաշտոնական վիճակագրական տվյալները կա՛մ բացակայում են, կա՛մ արմատապես տարբերվում են առանձին զեկույցների, հետազոտությունների ու մասնագետների ներկայացրած տվյալներից։

Ըստ իրարամերժ տվյալների՝ Ադրբեջանում ստվերային տնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 30-ից մինչև 47.8 տոկոսը։ Թեև որոշակի տարբերությունները բացատրվում են հաշվարկման մեթոդաբանությունների առանձնահատկություններով, սակայն ընդհանուր պատկերում այդ երկիրը դասվում է «չափազանց անորակ» (Extremely poor quality) տնտեսություն ունեցողների շարքին։ Համարվում է, որ բարձր ցուցանիշների վրա էական ազդեցություն ունի գյուղատնտեսության ոլորտը, որտեղ չգրանցված աշխատողների մեծ թիվն էլ ապահովում է ստվերային տնտեսության շուրջ 25-27 տոկոսը (ըստ 2020-2023 թթ. արդյունքների)։ Ոչ նավթային ոլորտների շարքում ստվերային տնտեսության ծավալներով առանձնանում են նաև մանրածախ ու մեծածախ առևտուրն ու, հատկապես, հանրային սնունդը։ Դրանով է բացատրվում նշված ոլորտներում օտարերկրյա ներդրումների բացակայությունը։

Թեև ադրբեջանցի պաշտոնյաները մեծ ոգևորությամբ հայտարարում են աշխատաշուկայում ստվերային իրավիճակի կարգավորմանն ուղղված գործողությունների հաջողությունների մասին, սակայն ընդունում են, որ զբաղվածների մեծ մասը՝ աշխատաշուկայի 2/3-ը, շարունակում է աշխատել չգրանցված։ «Ծրարային» վճարումների սխեման բյուջետային համակարգը զրկում է հարկային եկամուտներից՝ նվազեցնելով Սոցիալական պաշտպանության պետական հիմնադրամի եկամուտները։

Ստվերային տնտեսության ծավալները մեծ են նաև ենթակառուցվածքների, բանկային համակարգի, անշարժ գույքի, ոչ նավթային հանքարդյունաբերության և այլ ոլորտներում:

Իշխող վարչակազմի անդամների մերձավորներին պատկանող ձեռնարկություններում և նրանց կառավարմանը հանձնված պետական մարմիններում ու ենթակառուցվածքներում ցուցանիշների փոփոխությունը զուտ ձևական բնույթ է կրում։ Եթե ոչ նավթային ոլորտներում հնարավոր է հարկային բարեփոխումների միջոցով որոշակի արդյունքներ ցուցադրել՝ ազդելու միջազգային կառույցների զեկույցների և երկրի վարկանիշի բարելավման վրա, ապա նավթային ոլորտի վերաբերյալ տվյալներն անխախտ են։

Արտասահմանյան կազմակերպությունները բազմիցս են արձանագրել, որ թեև նավթարդյունաբերության շնորհիվ Ադրբեջանը, հատկապես 2005-2015 թվականների ընթացքում, դարձել է էներգետիկ խոշոր դերակատար, սակայն ոլորտից ստացված շահույթը ոչ թե ուղղվել է երկրի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, այլ օգտագործվել է բանակի վերակառուցմանը, հարևանների հանդեպ ագրեսիվ քաղաքականությանն ու ի շահ իշխող վարչակազմի ընտանեկան միջոցների ընդլայնմանը։ Շեշտվել է նաև, որ աղքատությունն ու կոռուպցիան շարունակում են ստվերել երկրի զարգացման իրական ցուցանիշները, քանի որ կոռուպցիայի մակարդակի նվազեցման և ստվերի կրճատման գործողությունների փոխարեն Ադրբեջանի կառավարությունը շարունակում է իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ ճնշումները՝ վտանգելով նաև ժողովրդավարությունը։

Ադրբեջանական տնտեսությունում ստվերային և կոռուպցիոն դրսևորումներին բազմիցս անդրադարձել են նաև տեղացի և օտարերկրացի փորձագետներ։ Խնդրի հանրայնացման ուղղությամբ Ադրբեջանում մեծ աշխատանք է ծավալել իրավապաշտպան Գուբադ Բայրամով Իբադօղլուն։ Վերջինս իր գործունեության համար ձերբակալվել և արտաքսվել է: Իրավապաշտպանի հետազոտությունների համաձայն՝ հետխորհրդային երկրների անցումային տնտեսությունները պահպանել են Խորհրդային Միության տնտեսության բացասական հատկանիշներից մեկը՝ ոչ ֆորմալ հատվածը: Իբադօղլուի խոսքով՝ Ադրբեջանի տնտեսությունը մեծապես կախված է մեկ ռեսուրսից՝ նավթից, ինչի շուրջ կառուցված համակարգը խոչընդոտում է ոչ նավթային տնտեսության զարգացմանը: Ադրբեջանի ստվերային տնտեսության ծավալը 2000-ական և 2010-ական թվականներին տատանվել է 60-80 տոկոսի սահմաններում։

Ալիևների ընտանիքի անդամների և նրանց մերձավորների օֆշորային գործարքների, հանքարդյունաբերության «գաղտնի» ոլորտում նրանց մենաշնորհային դիրքերի մասին տվյալներն արտասահմանյան կազմակերպություններին վաղուց են հայտնի:

Լիազորված հավատարմագրված հաշվապահների ասոցիացիան (ACCA) 2017 թվականին հրապարակել է հետազոտություն՝ նվիրված համաշխարհային ստվերային տնտեսության զարգացման գնահատմանն ու կանխատեսմանը: Կոռուպցիայի, ՀՆԱ-ի աճի նկատմամբ վերահսկողության գնահատման արդյունքներով հետազոտված երկրների շարքում Ադրբեջանն ամենաբարձր հորիզոնականն է զբաղեցրել: Պարզվել է, որ 2016 թվականին Ադրբեջանում ստվերային տնտեսության ծավալը կազմել է երկրի ՀՆԱ-ի 67.4 տոկոսը։

Պետք է նշել, որ Ադրբեջանում ստվերային տնտեսության իրական չափերի մասին հաճախակի բարձրաձայնել են նաև տեղի պատգամավորներն ու այլ պաշտոնյաներ՝ հաստատելով, որ պաշտոնական տվյալները միշտ չէ, որ արտացոլում են իրական պատկերը։

Թեման ներառվել է նույնիսկ թուրքական ու ռուսական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետազոտական ծրագրերում՝ ուսանողական աշխատանքների միջոցով վերլուծելու ստվերային տնտեսության առանձնահատկություններն Ադրբեջանում:

Փաստորեն՝ փորձագիտական հետազոտությունները, միջազգային կառույցների զեկույցներն ու վիճակագրական տվյալները, բռնաճնշումների ենթարկված իրավապաշտպանների վկայություններն ու ադրբեջանցի պաշտոնյաների արձանագրումները հավաստում են, որ ստվերային տնտեսության իրական ծավալներով Ադրբեջանն աշխարհում «առաջատար» դիրքեր է զբաղեցնում։ Խնդիրը պայմանավորված է ոչ այնքան համակարգային թերություններով, այլ իշխող ալիևյան վարչախմբի և Ադրբեջանում «կոռուպցիոն մենաշնորհ» ունեցող ընտանիքի շահերի սպասարկման անհրաժեշտությամբ։


 

--00—ՍՊ