ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 5, 24News
«Սասնա ծռերի» գործով դատական նիստին գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը դատարանին դիմեց այն հարցով, թե դատարանը չի՞ պատրաստվում արդյոք անդրադառնալ իրեն վնասազերծելու դեպքին և պահանջել տեսանյութեր նախաքննական մարմնից․
«Ինչ պայմաններում են ինձ վնասազերծել, դրան դատարանն ընթացք չի տվել։ Ինչ հանգամանքներում և ինչի համար են ինձ վնասազերծել։ Չկա խփելու տեսարանը, տեսանյութերը չկան։ Այն ժամանակ Ինեսսա Պետրոսյանը միջնորդել էր դրա վերաբերյալ»,- ասաց Մանուկյանը։
Նա հավելեց, որ իր դիմումը վերաբերում է նաև որդու՝ Արամ Մանուկյանի վնասազերծելու հանգամանքներին անդրադառնալու դեպքին։
Ի պատասխան Պավլիկ Մանուկյանի դիմումի՝ դատարանն ասաց, որ այդ միջնորդությունը չի կարող քննության առարկա լինել, քանի որ դա այլ դեպքով հարուցված քրեական գործ է։
Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։
Զինված հարձակման հետևանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։
ՊՊԾ գունդը զավթելու և այլ զինված արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: