ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունը։
Ըստ պաշտպանների հիմնավորման՝ նախաքննությունը այս գործով կատարվել է ԱԱԾ-ի կողմից, մինչդեռ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 6֊րդ հոդվածի համաձայն՝ նախաքննությունը պաշտոնատար անձանց դեպքում իրականացնում է ՀՔԾ-ն։
Նախագահող դատավորը մերժեց միջնորդությունը՝ այն անհիմն համարելով։ Դատավորը նաև նշեց, որ բոլոր դեպքերում գործի նախաքննության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է գլխավոր դատախազությունը։
Պետական մեղադրողը հրապարակեց ամբաստանյալներին վերագրվող մեղադրանքները։ Դավիթ Սանասարյանը չընդունեց մեղադրանքը։ Մյուս ամբաստանյալները՝ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանն ու Տարոն Ավետիսյանը, ձեռնպահ մնացին մեղադրանքի նկատմամբ դիրքորոշում հայտնելուց։