ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
«Էրեբունի պլազա»-ում հունվարի 23-ին կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը դատարանի որոշմամբ տեղափոխվել է հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը։
Նշենք, որ Արթուր Թորոսյանը մեղադրյալի կարգավիճակում է։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ ոստիկանությունը հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ին, ահազանգ էր ստացել «Էրեբունի պլազա»-ի շրջակայքում հնչած կրակոցների վերաբերյալ: Ավելի ուշ, կրակոցներ արձակած անձը ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ բանակցություններից հետո հանձնել էր զենքը և ձերբակալվել։ Նրան Էրեբունի պլազայից իր ծառայողական մեքենայով ոստիկանության բաժին էր տեղափոխել Արման Սարգսյանը:
Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեկան օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի, 185-րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին և 218֊ի 2֊րդի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով։