ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Փետրվարի 18-ին ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ որոշում է կայացվել Հայաստանին հանել Հարկային հարցերով Եվրոպական միության հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների (The EU list of non-cooperative jurisdictions for tax purposes) «Մոխրագույն ցուցակից», - հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
««Հայաստանը համարվում էր հարկային առումներով Եվրոպական միության հետ չհամագործակցող երկիր: Այդ երկրների ցանկից հանելը հեղինակության առումով լավ ազդակ է լինելու, որովհետև ԵՄ գործընկերները Հայաստանին դիտարկելու են հարկային առումներով համագործակցող երկիր», -ասում է Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ 2017 թվականին Հայաստանը «Մոխրագույն ցուցակում» չհայտնվելու և դրանից բխող մի շարք ռիսկերից խուսափելու նպատակով ստանձնել էր երեք պարտավորություն:
Օրի Ալավերդյանի փոխանցմամբ, ՀՀ ֆինանսների նախարարության ջանքերով Հայաստանը կատարել է բոլոր երեք պարտավորությունները:
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը վերանայել է ՀՀ հարկային օրենսգիրքը՝ սահմանափակելով արտահանման ծրագրեր իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար շահութահարկով հարկման առումով սահմանված արտոնյալ կարգավորումները, ինչպես նաև 2019 թվականի փետրվարին պաշտոնապես անդամակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) BEPS ծրագրի ներառական հարթակին և դրանով իսկ ստանձնել է ՀՀ հարկային օրենսդրության մեջ նշված ծրագրի 4 նվազագույն ստանդարտները տեղայնացնելու պարտավորություն:
«Սա երկար գործընթաց է, բայց բոլոր դեպքերում ստանդարտները կտեղայնացվեն։ ՏՀԶԿ քարտուղարության մասնագետների հետ այս պահին աշխատում ենք», - ասում է Օրի Ալավերդյանը:
Բացի այդ, նրա խոսքով, 2018 թվականի հունվարի 24-ին ստորագրվել ու 2019 թվականի դեկտեմբերի 13-ին վավերացվել է «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» ՏՀԶԿ և Եվրոպայի Խորհրդի համատեղ կոնվենցիան: