ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ չնայած վաղ է կորոնավիրուսի համավարակի մասին հայտարարել, բայց երկրները պետք է պատրաստ լինեն ցանկացած զարգացման, այս մասին հայտնում է BBC-ին։
Covid-19 տեսակի կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունը շարունակվում է արագորեն տարածվել: ԱՀԿ ղեկավարի խոսքով` անհանգստացնող են վերջին օրերին Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում գրանցված դեպքերը: Սակայն ամենաշատ դեպքերը գրանցվել են համաճարակի օջախում՝ Չինաստանում, որտեղ գրանցվել է վարակի 77 000 դեպք, որից` 2600-ը մահվան ելքով:
Չինաստանի սահմաններից դուրս 30 երկրում հաստատվել է վարակման 1200 դեպք, որից 20-ը` մահվան ելքով: Covid-19 կորոնավիրուսից մահացության տոկոսը տատանվում է 1-2-ի միջև:
Կորոնավիրուսի տնտեսական ազդեցության հետևանքով համաշխարհային արժեթղթային շուկայում կտրուկ անկումներ են եղել:
Չինաստանն իր հերթին հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակելու նպատակով պատրաստվում է հետաձգել Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը: