ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Օրերս Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ ՀՀ պաշտպանության և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համատեղ իրականացվել է իրազեկում-քննարկում` կրթության հիմքով տարկետում ստանալու կարգի և համապատասխան իրավական ակտերում տեղ գտած փոփոխությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հանդիպման մասնակիցներին ողջունել են ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ա. Ավետիսյանը և EducationUSA հայաստանյան գրասենյակի կրթական խորհրդատու Իննա Ղաբուլյանը:
Տեղեկատվական բնույթի քննարկմանը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, արտերկրում կրթությունը շարունակել ցանկացող երիտասարդներ ու նրանց ընտանիքների անդամներ, հանգամանորեն ներկայացվել է կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման կարգը։