Պատմական հողի կատեգորիան փոխել են Գ.Սարգսյանի համագյուղացու համար. հյուրանոց է կառուցվելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

.

Արարատի մարզի Լուսառատ գյուղի տարածքում գտնվող հատուկ պահպանվող հողի կատեգորիան այս տարի փոխվել է։ Գյուղացիներն իմացել են, որ տարածքում մարզպետ Գարիկ Սարգսյանի համագյուղացին «Նոյան տապան»-ի տեսքով հյուրանոց է կառուցելու․ գրում է Hetq.am-ը։

Փետրվարին Արարատի մարզի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր համագյուղացի, ՌԴ-ում գործարարությամբ զբաղվող Սարգիս Թադևոսյանի հետ այցելել է Լուսառատ գյուղ։ Գյուղացիների հետ հանդիպմանը ասել են, որ համայնքի` հատուկ պահպանվող տարածքում ցանկանում են կառուցել «Նոյան Տապան» անվանմամբ հյուրանոցային համալիր։ Շինարարական աշխատանքների համար նախատեսված տարածքները պատմական Արտաշատ քաղաքատեղիի 11-րդ և 12-րդ բլուրներն են, որոնցից մեկի վրա տեղակայված է Գևորգ Չաուշի արձանը։

Համայնքի ղեկավարը բնակիչներին ասել է, որ նախագիծը դեռևս հաստատված չէ, և որ հետագա որոշումները կկայացվեն հյուրանոցային համալիրի նախագծի նախնական տեսքը 3D ձևավորմամբ տեսնելուց հետո։ Գործարարը խոստացել է առաջիկա օրերին նախագիծը ներկայացնել համայնքի ղեկավարին և բնակիչներին։

Այցելեցինք և զրուցեցինք Լուսառատի մի խումբ բնակիչների հետ։ Գյուղապետարանի հարևանությամբ հավաքվածները համակարծիք էին և դեմ էին արտահայտվում այդ տարածքում հյուրանոցաշինությանը։ Լուսառատցիները շատ քիչ տեղեկություն ունեին հողի կատեգորիայի փոփոխման որոշումից։ Նրանց անհանգստացնում էր նաև բլրի վրա իրենց ձեռքերով կանգնեցրած Գևորգ Չաուշի արձանի ճակատագիրը։

Լուսառատ համայնքի ավագանին 2020 թվականի հունվարին որոշել է համայնքի սեփականությունը համարվող 0.64 և 5.75 հա հատուկ պահպանվող տարածքների պատմական և մշակութային հողերը փոխադրել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության։

Ավագանու որոշման համար հիմք է հանդիսացել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Կառավարությունից ստացանք և ուսումնասիրեցինք միջգերատեսչական հանձնաժողովում ներգրավված կառույցների, հատկապես ԿԳՄՍ նախարարության եզրակացությանը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը հայտնել է, որ նախարարության մասնագետների` տարածքներում կատարած տեղազննության արդյունքում պարզվել է, որ պատմամշակութային հուշարձաններ չկան։

«Ուստի նախարարությունը չի առարկում այդ հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը բնակավայրի հասարակական կառուցապատման հողերի կատեգորիայի: Սակայն աշխատանքների կատարման ընթացքում անհրաժեշտ է ապահովել նախարարության համապատասխան մասնագետների ներկայությունը»,- միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածների փոխնախարար Վաչե Տերտերյանին ուղղված իր գրության մեջ նշել է ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:

ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի  հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը 2013-ից ղեկավարում է Արտաշատի պեղումները։ Հնագետը մեզ հետ զրույցում նշեց, որ հողի կատեգորիան փոխելու մասին ինստիտուտին տեղյակ չէր պահվել, և որ հատուկ պահպանվող տարածքում որևէ աշխատանք նախաձեռնելուց առաջ նախ պետք է հաշվի առնվեր Հնագիտության ինստիտուտի մասնագետների կարծիքը։

«Ասում են մասնագետների գնահատմամբ ոչ մի պատմամշակութային հուշարձան չկա, հետաքրքիր է ո՞վ է այդ մասնագետը, որ գնահատել է, եթե տարածքում մենք ենք պեղումներ անում։ Արտաշատը 15 բլուրների վրա կառուցված քաղաք է, այդ բլուրներից 2-ի նշանակությունը փոխել և պատրաստվում են շինարարություն անել, դա հանցագործություն է»,-ասում է Մկրտիչ Զարդարյանը։

Լուսառատի համանքապետ, ԲՀԿ–ական Դանիել Հակոբյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան խուսափել էր որևէ կոնկրետ բան ասել:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։