ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Կոտայքի մարզպետարանը անցել է մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու ռեժիմին: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանմ իր ֆեյսբուքյան էջում: Մարզպետը հայտնել է, որ Կոտայքի մարզի բնակիչների շրջանում այս պահին կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան:
«Խոսքը վերաբերում է հատկապես 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը։
Նշեմ, որ մարզպետարանում տեղադրված են ախտահանիչ լուծույթով տարաներ:
Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի բերովի վարակի այսօրվա իրավիճակը գնահատելու նպատակով մարզպետարանում կազմակերպվել է քննարկում:
Հայտնեմ, որ այս պահի դրությամբ Կոտայքի մարզի բնակիչների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան. իրավիճակը ամենժամյա ռեժիմով գտնվում է մարզպետարանի և անձամբ իմ վերահսկողության ներքո:
Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է՝
✔️Ամենօրյա կարգով մշտադիտարկում իրականացնել աշխատակիցների առողջական վիճակի վերաբերյալ և խիստ վերահսկողություն սահմանել,
✔️Մարզի բոլոր բուժկենտրոններում ապահովել աշխատանքի փակ ռեժիմ, սահմանափակել տեսակցությունները և անհարկի այցելությունները,
✔️Չեղարկել աշխատանքային բոլոր հանդիպումները, քննարկումները, գործուղումները,
✔️Ժամանակավորապես չղեղարկել նաև մարզային ենթակայության հաստատությունների տնօրենների և/կամ ուսուցիչների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթները՝ իրավական կարգավորումների պարագայում,
✔️Համայնքների ղեկավարներին առաջարկել ևս չեղարկելու նախապես հայտարարված մրցույթները:
Եվս մեկ անգամ պիտի հորդորեմ մեր քաղաքացիներին՝ տեղիք չտալ խուճապ առաջացնող տրամադրություններին, պահպանել զգոնություն և հետևել կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված քայլերին:
Եղե՛ք առողջ»,- գրել է մարզպետը: