ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնությունների հնարավոր գործադրման վերաբերյալ, ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկել մշտադիտարման արդյունքում արձանագրված ԶԼՄ-ների հրապարակումները, դրանցում ներկայացվող տեսանյութերը։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկել մշտադիտարման արդյունքում արձանագրված ԶԼՄ-ների հրապարակումները, դրանցում ներկայացվող տեսանյութերը ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնությունների հնարավոր գործադրման վերաբերյալ, ինչպես նաև դեպքի կապակցությամբ քաղաքացուց ստացված հաղորդումը և կից փաստաթղթերը:
Բացի այդ, մի քանի քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել նաև Ոստիկանության Սիսիանի բաժին բերման ենթարկելու և ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից իրենց նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ: Այդ մասին հրապարակումներ են եղել նաև մի քանի լրատվամիջոցներում: Դրանք ևս ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ նյութերի նախապատրաստման շրջանակներում ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով»:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին և 7-ին Սիսիանում միջադեպեր են տեղի ունեցել, որոնց մասնակից քաղաքացիների խոսքով՝ ոստիկանության աշխատակիցները, այդ թվում՝ Սիսիանի ոստիկանության ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է գործադրել իրենց նկատմամբ: