ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմից որևէ տեղեկություն չի ստացել այն մասին, թե դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ գործի քննությունից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը
Մի քանի շաբաթ շարունակ փաստաբանները փորձել են ճշտել, թե երբ Աննա Դանիբեկյանը կկարողանա աշխատանքի ներկայանալ և դատական նիստեր գումարել։ Նախորդ շաբաթվա վերջում հայտնի է դարձել, որ դատավորը անաշխատունակության թերթիկ է ներկայացրել, որի ժամկետը լրանում է ապրիլի 16-ին։ Ըստ դատարանի աշխատակազմի՝ մինչ օրս թերթիկի երկարացման դիմում չի ներկայացվել։
Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ վերջին դատական նիստը տեղի է ունեցել ս․թ․ մարտի 10-ին։ Իսկ մարտի 17-ին դատարանը պետք է քններ Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը։ Սակայն մինչ օրս դատական նիստ չի եղել։
Պաշտպանական կողմը գրություններով դիմել է ՄԻՊ-ին և ԲԴԽ-ին՝ բարձրացնելով երկրում առկա կորոնավիրուսային վարակով պաիմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանի ռիսկային գոտում գտնվելու հարցը։ ՄԻՊ-ը համակարծիք է եղել, որ բարձրացված հարցը ոչ լիարժեք իրավակարգավորումների արդյունք է և համապատասխան գրությունով դիմել է ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար:
Փաստաբանների կողմից նաև մի շարք հայցադիմումներ են ներկայացվել՝ պահանջելով կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: