ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողները դիմել են վարչապետին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակից, ֆեյսբուքյան օգտատեր Էլմիրա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, հուսով եմ տեղյակ եք ստեղծված իրավիճակից։
Արդեն 20 օր է, ինչ ֆաբրիկան դադարեցրել է աշխատանքը և շուրջ 2.500 աշխատակից (ընտանիք) կանգնած է օրվա հացը վաստակելու խնդրի առջև, երկար տարիներ աշխատելով տվյալ գործատուի մոտ և վճարելով ամսեկան միլիոնների հարկեր , չմոռանանք նաև հեղափոխության օրերին մեծ դեր ունենալով հեղափոխությունն իրականանալու գործում մենք բոլորս մեկ մարդու նման եղանք ձեր և ձեր ղեկավարած իշխանության կողքին և այսօր էլ դեռ շարունակում ենք սատարել ձեզ։ Սակայն այսօր մենք և մեր գործատուն կանգնած ենք այս լուրջ խնդրի առջև։
Ես ինձ իրավունք եմ վերապահում աշխատակիցների անունից հանդես գալ և դիմել ձեզ։
Խնդրում ենք շտապ լուծել այս խնդիրը, և կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրի որևէ կետով բյուջեից հատկացնել գումար»:
Ավելի վաղ «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ մտադիր է ևս 1 ամիս փակ պահել ձեռնարկությունը 2600 աշխատակիցների համար, անգամ եթե կառավարությունն ապրիլի 20-ից հետո թույլատրի վերագործարկել հագուստի արտադրությունը։