ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի հարցը փուլային տարբերակով լուծելու հայտարարությանը: ՀՀԿ փոխնախագահը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 25-ի և ՌԴ ԱԳ նախարարի այսօրվա հայտարությունները:
«Այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, հունվարի 25, Կապան
«Есть проекты, которые в апреле прошлого года в Москве на встрече министров иностранных дел России, Армении и Азербайджана с участием сопредседателей были распространены, и они сейчас активно обсуждаются».
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, ապրիլի 21, 2020
Անհապաղ պահանջում եմ պաշտոնական բացատրություն և արձագանք ՀՀ վարչապետի կողմից ՌԴ ԱԳ նախարարի այսօրվա հայտարարությունների առնչությամբ, այդ թվում՝ խնդրի կարգավորման փուլային տարբերակի վերաբերյալ:
Բավ է բոլորին դնեք էշի տեղ:
Այս հարցով հաստատ մի «ահավոր բազար» է հասունանում շուտով»,-գրել է Արմեն Աշոտյանը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ 2019-ի ապրիլին համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը ներկայացվել են նախագծեր, որոնք այժմ ակտիվ քննարկվում են, ապա հավելել, որ այդ քննարկվող փաստաթղթերը ենթադրում են կարգավորել խնդիրը փուլային տարբերակով:
Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ առաջին փուլում պետք է ապահովել առավել հրատապ խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում: